ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան
12:10 - 04 հոկտեմբերի, 2021

ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եւ բոլորս այնքան ժամանակ իրավունք ունենք մտածելու, որ դա այդպես է, մինչեւ դա լուրջ եւ խոր քննության ճանապարհով չհերքվի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Փաստերի համադրումը, ըստ նրա, հիմք է տալիս մտածելու, որ հավանական է՝ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է՝ ըստ պայմանավորվածության․ «Այս ամենն առերեւույթ հանցագործություններ են, մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաեւ նրանք, որոնք իրենց պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել»։

Այս կասկածները փարատելու համար, ըստ Քոչարյանի, առաջին հերթին պետք է քննել պատերազմի հանգամանքները, բայց անպայման ընդդիմության ակտիվ ներգրավմամբ․ «Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահություն չի վերականգնելու։ Երկրում ճգնաժամը չի կարող վերականգնվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավական մեծ մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այդ պարզաբանումները չստանան»։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ «Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի մասին ընդհանրապես խոսել, ընդհանրապես չեն խոսում կարգավորման տարբերակներից, տպավորությունն այնպիսին է, որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից։ Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին։ Մի քիչ էլ ժամանակ անցնի, այլեւս նաեւ մեր հանրությունն էլ բոլոր հարցերն ու անբարենպաստ որոշումները կապելու է ռուսական կողմի հետ»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ սա, ըստ իրեն, գիտակցաբար է արվում։

«Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը վերջանակապես լուծել է Ղարաբաղի հարցը, եւ, ցավոք, մենք բանակցային սեղանին չունենք որեւէ լուրջ արգումանետ՝ արդյունավետ բանակցություններ վարելու համար, փաստը սա է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն իրեն ամեն օր հարց է տալիս՝ «ի՞նչ է լինելու երեքուկես տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը»․ «Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցը ինքն իրեն տալի՞ս է։ Ես կարծում եմ՝ յուրքանչյուր հայ ամեն օր այդ հարցն ինքն իրեն պետք է տա»։

Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակին։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ ո՛չ մեր օգտին․ «Փաստն այն է, որ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակից ՀՀ-ն պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է։ Սա առաջին դեպքն է, երբ հետխորհրդային տարածքում այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ ՌԴ-ին չնյարդայնացնելու համար։ Հիմա սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը կամ դադարել է որպես գործոն գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն այս ամենը հաշվի է առնելու այս տարածաշրջանում իր քաղաքականության մեջ․ Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումն աճել է․ ՌԴ-ն չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ՝ հօգուտ Թուրքիայի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել