Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին
12:00 - 07 հոկտեմբերի, 2021

Պատվաստման թվերը շատ վատ են․ խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ կառավարության անդամներին

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց և ընդունեց 2021 թվական պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու և առողջապահության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցը։

«Նախագծով առաջարկվում է լրացուցիչ 2,365,000.0 հազ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը։ Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցները ուղղվեին այլ կարիքների բավարարման, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնեինք և իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենանք»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 20 բժշկական հաստատություն արդեն ընդգրկված է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, և ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է։ «Ակտիվ դեպքերի մեջ, որը 14.000-ից ավել է, ընդմանեը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով»։

Նրա խոսքով՝ այս թիվը ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները, և հոսպիտալացման բեռ առողջապահական համակարգի վրա չի գոյանում։

Նա նաև ասաց, որ պատվաստումային գործընթացը ակիվացել է, սակայն տեմպը բավարար չէ՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր անհիմն վախեր են ներշնչում հասարակության շրջանում։

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ Եվրոպական երկրներում, Ասիայի շատ երկրներում արդեն պատվաստումները հասցրել են 90%-ի։ «Հարց է ծագում՝ ինչում է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք, և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»։

Արձագանքելով Անահիտ Ավանեսյանի այս խոսքին՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ երբ մարդիկ Հայաստանում սկսեցին կորոնավիրուսից մահանալ, կային շրջանակներ, ովքեր այդ մահերը դարձնում էին քաղաքական շահարկման առարկա։ «Նրանց պետք է, որ հնավարոինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։ Մենք ինչու՞ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում, կա հստակ պետության պարտավորություն։ Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ։ Եվ, կներեք, ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունը ունի բոլոր լծակները՝ ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ օրենքներ, և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»։

Փաշինյանի դիտարկմամբ՝ կան մարդկանց խմբեր, ովքեր պահանջում են վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը։ «Ես նկատում եմ, որ այդպիսի շարժում է սկում։ Ասում են՝ ինչու՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն։ Այս գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական կարիքներ հոգալու համար, կարող էր օգտագործվել հազար ու մի ծախս վրա։ Ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնը ավելի ու ավելի բարձր է հնչելու»։

Նա նաև ընդգծեց՝ ոչ ոք չպետք է կառավարությանը խանգարի գործել։ «Մենք հո ստեղ չենք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել։ Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք։ Վատ է, շատ է, պատվաստման թվերը և որևէ ուրիշ մեկի չբողոքեք։ Եվ սա վերաբերում է բոլորին։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»։

Դիմելով ԱԱԾ և Ոստիկանության պետերին՝ Փաշինյանն ասաց․ «Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք։ Այդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել։ Ես գլխավոր դատախազին եմ դիմում, նաև քննչական մարմիններին։ Կառավարությունը չի կարող գալ, նստել ասել խանգարում են մեզ։ Ո՞վ է խանգարում։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել