Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|
14:01 - 12 հոկտեմբերի, 2021

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ:

«Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ:

Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

«1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր:

2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր:

3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ:

4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

 Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:

 «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::

 Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել