Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։
Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահն է։
Հովհաննիսյանն այն թեկնածուներից է, որ քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ ակտիվ շփումներով․ այցելում է Դիլիջանի տարբեր բնակավայրեր, զրուցում տեղացիների հետ, լսում նրանց խնդիրները։ Վաղն արդեն այցելելու են Թեղուտ եւ Հաղարծին։
Infocom-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քարոզարշավն, ըստ էության, ընթանում է բնականոն հունով, որպես այդպիսին՝ խոչընդոտների չեն հանդիպել։ Նա իր հերթին ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հաշտության ու համերաշխության մթնոլորտում շարունակել քարոզարշավը։
Infocom-ի հարցին, թե ինչպիսի տրամադրություններ ունեն տեղացիները, արդյոք ինչ-որ լարվածություն կա՞, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշակի լարվածություն կամ վախվորածություն նկատել է․ «Գուցե մտածում են, որ եթե իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին ընտրեն, մյուսները կիմանան, եւ այլն, եւ այլն։ Սակայն քանի որ փաստեր չունեմ, հիմնավորել չեմ կարող։ Բայց այն, որ պաստառներ են պոկում քաղաքում, ակնհայտ է։ Դա, իհարկե, իրենց ոչինչ չի տալու, ավելի լավ է՝ իրենց ռեսուրսներն օգտագործեն ավելի լավ աշխատանք անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին, դրանց լուծման տարբերակներին, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրները շատ-շատ են․ «Իմ աշխատանքի բերումով ես այսպես թե այնպես քաջատեղյակ էի այդ խնդիրներին, դրանք վերաբերում են ամենատարրական կենսական պայմաններին, որ բնակիչները չունեն՝ սկսած ջրամատակարարումից։ 21-րդ դարում ենք ապրում, բայց կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա, եւ արդեն երկար տարիներ։ Համայնքային փողոցներն են շատ վատ վիճակում, փողոցային լուսավորություն չկա, ժամանացի վայրեր չկան, հանդիսությունների սրահ չկա»,- ասաց համայնքապետի թեկնածուն՝ չմոռանալով նաեւ, որ համայնքում երեխաների զարգացման, կրթական ու մշակութային կենտրոններն էլ են բացակայում․
«Մենք հնարավորինս փորձում ենք մեր գործունեության մեջ ներգրավել մեր գյուղական բնակավայրերի բնակիչներին․ զգում ենք, որ կարիք կա հենց տեղերում այդպիսի կենտրոններ հիմնել։ Առաջին հերթին ձեռնամուխ ենք լինելու հենց այդպիսի կրթական-մշակութային օջախների ստեղծմանը՝ հենց գյուղական բնակավայրերում»։
Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, համայնքային բյուջեն թվարկված այս բոլոր խնդիրների լուծման համար բավարար է, Արմինե Հովհաննիսյանն առանձնացրեց կամավոր եւ պարտադիր խնդիրներ։ Պարտադիր խնդիրները, մեր զրուցակցի վստահեցմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ լինելու են։ Նրա կարծիքով՝ ողջամիտ կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում այդ խնդիրներին հնարավոր է համապարփակ լուծումներ տալ․ «Ուզում եմ ընդգծել, որ մենք եւ մեր թիմը ունենք շատ լավ գործընկերներ ու կապեր, որոնք կարող ենք օգտագործել խոշոր ներդրողների ներգարվելու հարցում»։
Հովհաննիսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց հատկապես զբաղվածության խնդրին․ սա նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի առանցքային դրույթն է․ «Շատ կարեւոր է, որ մենք մասնավոր հատվածի եւ պետության հետ ամրապնդելու ենք համագործակցությունը եւ ստեղծելու ենք նոր գործընկերություններ։ Մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է անպայման ամրապնդել, դրա արդյունքում կբերենք նոր արտադրություններ, կունենանք գյուղմթերքների շուկա, վերամշակման արտադրություններ, կստեղծենք արվեստի գործերի վաճառքի հարթակ, առողջարան ու լողավազն կունենանք, սա էլ իր հետ կբերի նաեւ աշխատատեղեր»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման գործընթացը (Դիլիջանը եւս խոշորացված համայնք է,- հեղ․) դրական է նաեւ այն առումով, որ համայնքի բյուջեի համար ճիշտ առաջնահերթություններ սահմանելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա համայնքային բյուջեն համամասնորեն բաշխել․ «Այս առնչությամբ պետք է շեշտել, որ գյուղական բոլոր բնակավայրերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ որեւէ գյուղ չի ունենալու առավելություն։ Մեր թիմում ավագանու թեկնածուներ են ներգրավված նաեւ գյուղական բնակավայրերից․ նրանց եւ վարչական ներկայացուցիչների հետ միասին (խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերն ունենալու են վարչական ներկայացուցիչներ,- հեղ․) պետք է ճիշտ առաջնահերություններ սահմանենք՝ ֆինանսական միջոցները բաշխելով համամասնորեն, եւ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով գրանցենք հնարավոր դրական արդյունք»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերջինիս համոզմամբ՝ Դիլիջանի բնակիչները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանում է այնպիսի թիմով, որն ամենօրյա աշխատանքով հաջողություններ է գրանցում եւ նպաստում Դիլիջան համայնքի զարգացմանը․ «Մենք համախոհների եւ գաղափարակիցների մի թիմ ենք, որը նվիրված, անշահախնդիր սիրում է համայնքը եւ սրտացավ է Դիլիջանի նկատմամբ»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը՝ բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 17-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն բացառիկ հնարավորություն է, որից պետք է օգտվի դիլիջանցին՝ իրենց թիմին էլ հնարավորություն տալով փոփոխել եւ զարգացնել համայնքը։
Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)