Բակում եղել է տնայնագործական գազաբալոնային համակարգ. 11-ամյա և 19-ամյա քույրերի մահվան հանգամանքները պարզվում են

Ձեռնարկվում են միջոցառումներ Արագածոտնի մարզի երկու բնակչուհիների մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ հայտնելով մի շարք մանրամասներ:

Այսպես. 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։

Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը, ժամը 19։00-ի սահմաններում գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։    

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով