Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ
11:30 - 28 հոկտեմբերի, 2021

Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված է։ Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 307 և թոքային օդափոխության միացված՝ 152 քաղաքացի։ Պետք է նշեմ, որ այս շտամի (Covid19-ի դելտա շտամ - խմբ․) առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում»,- նշեց նա։

Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ․ «Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։

Նախարարը ներկայացրեն նաև, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները․ «Ընդհանուր առմամբ, այս պահին դրական, ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացու շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված է»։

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում շատ երկրներ գնում են լոքդաունների, բայց մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք չպետք է գնանք լոքդաունների։ Վարչապետը չբացառեց, որ նոր որոշումներ կլինեն, և առաջիկայում կգնան նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։

«Առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են։ Մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել