«Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած ակցիան եղել է խաղաղ, ոստիկանությունը իրավունք չուներ որևէ կերպ խոչընդոտելու և բռնություն գործադրելու։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
«Իմ կարծիքով՝ սա ճնշում է հենց ոստիկանական համակարգի կողմից, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները այլևս չպայքարեն իրենց իրավունքների համար»,- կարծիք հայտնեց նա։
Ղարագյոզյանն ընդգծեց՝ պայքարելու են, որ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Մենք տեսանք այն ակնառու երևույթը, որ նաև բռնություն է իրականացվել, բնակիչներին բերման են ենթարկել անչափահաս երեխաների ներկայությամբ։ Այստեղ պետք է դիտարկվի երեխաների լավագույն շահը, որովհետև երեխաները տեսել են, թե ոստիկանությունը ինչպես է իրենց ծնողների հետ վարվել»։
Փաստաբանը հավելեց նաև, որ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում է հարուցվել, որը, սակայն, արդեն լուծարվել է․ «Քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ ինչպես միշտ լիազորությունների անցման հիմքով, բայց ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել։ Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»։
ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»։
Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։
Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 6-ին, քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել էին քրեական գործեր։
comment.count (0)