«Ֆիզգոռոդոկում» շինաշխատանքներ են սկսվել․ բնակիչները պնդում են՝ բարձրահարկի կառուցման գործընթացն ապօրինի է
22:05 - 19 օգոստոսի, 2021

«Ֆիզգոռոդոկում» շինաշխատանքներ են սկսվել․ բնակիչները պնդում են՝ բարձրահարկի կառուցման գործընթացն ապօրինի է

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, այսօր սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։

Սա Երեւանի այն քիչ թաղամասերից է, որի շրջակա պուրակի ծառերն ամբողջությամբ հատված չեն։ Սակայն շենքը, որ պետք է կառուցվի, լինելու է հենց այդ տարածքում․ ծառահատումներն արդեն սկսվել են։ 

Այստեղ նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։ Սեփականատերն ու կառուցապատողը «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն է։

Այս ընկերությունը հիշյալ հասցեում գտնվող 1976 քմ մակերեսով տարածքի երրորդ սեփականատերն է․ «ՌԱՏԿՈ»-ն այն ձեռք է բերել 2006 թվականի աշնանը: Հետքի հրապարակման համաձայն՝ «Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչեւ 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» օֆշորային ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը:

2020 թվականի հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի այդ շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ հուլիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ 

Ներդրող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը, որն այսօր շինհրապարակ դարձող տարածքում էր, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Ընկերությունը նախորդ ամիս՝ հուլիսի 29-ին, ստացել է շինթույլտվություն, որի համաձայն էլ նախաձեռնել են կառուցապատումը եւ սկսել շինհրապարակի կազմակերպումը։ 

Արթուր Մնացականյանը

Մնացականյանը, ի հակառակ տեղի բնակիչների, պնդում է, որ շինարարությունն ապօրինի չի իրականացվում։ Նրա հայտնած մանրամասների համաձայն՝ Ընկերությունը պատրաաստվում է 200-ից ավելի ծառեր տնկել եւ բարեկարգել դիմացի այգին, նորաձեւ այգի կառուցել։ Կառուցապատման տոկոսը, նրա վստահեցմամբ, 40% է կազմելու։ 

Բնակիչների պնդմամբ, սակայն, նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ նրանք վստահություն չունեն, որ ծառահատումներից հետո նոր ծառեր կտնկվեն, եղածն էլ կպահպանվի։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հանդիպումներ ունեցել են բնակիչների հետ, սակայն նրանցից ոմանք կատեգորիկ դեմ են կառուցապատմանը, իսկ իրենք անդրդվելի են՝ շենքը պետք է կառուցվի։

Արթուր Մնացականյանի խոսքով՝ շենքի գտնվելու վայրը չի փոխում այս թաղամասի ճարտարապետությունը․ «Երեւանում բազմաթիվ տեղեր կան, որտեղ ցածրահարկ շենքերի կողքին բարձրահարկեր կան, դա ընդունված պրակտիկա է, երբ պահում ես շինարարության եւ ճարտարապետության կանոնները։ Իսկ մարդիկ իրավունք ունենք դիմել համապատասխան մարմիններին՝ իրենց իրավունքների ենթադրյալ ոտնահարման համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ թաղամասի բնակիչները երկու անգամ ստորագրահավաք են նախաձեռնել՝ դեմ լինելով քաղաքապետարանի որոշմանը։ Վերջին անգամ 500-ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Եւ թեեւ նրանք այս ընթացքում հանդիպում են պահանջել քաղաքապետի կամ նրա տեղակալի հետ, սակայն, ինչպես պնդում են քաղաքացիները, իրենց խոսքին չեն անսացել։

«Ֆիզգոռոդոկի» պուրակը, որի որոշ ծառեր արդեն հատվել են

Ֆիզգոռոդոկ թաղամասի բնակիչներից Հայկ Հարությունյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, մեր զրույցում նկատեց՝ հողատարածքը, որի վրա ուզում են կատարել շինարարությունը, ծառապատ է, հանրային տարածք։ Նրա խոսքով՝ 2004 թվականին այստեղի նախկին մի բնակիչ դիմել է դատարան եւ ասել, որ ուզում է այստեղ մեքենաների կայանատեղի կառուցել․

«Հետո հայցը փոխել է՝ նշելով, թե իբրեւ ուզում է սեփական տուն կառուցել, ասել է, որ տեղանքում 50 քառ․ մետր նկուղ կա։ Իրականում, սակայն, ոչ մի նկուղ երբեւէ կառուցված չի եղել այդտեղ։ Դատարանը պարտավորեցրել է, որպեսզի Կադաստրը չափագրի եւ չափագրությունը ուղարկի Քաղաքապետարան։ Այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ, Կադաստրը ինչ-որ չափագրում է ուղարկել Քաղաքապետարան, հետագայում դիմել է հայցով եւ ասել՝ ճանաչեք իմ վարձակալության իրավունքը դրա նկատմամբ եւ ինքնակամ շինությունն օրինականացրեք, տվեք վկայական։ Վճիռ է կայացվել, որով դատարանը պարտավորեցվել է Կադաստրին գրանցել նրա վարձակալության իրավունքը։ Կադաստրը վճիռը կատարել է, բայց մինչեւ կատարումը ներկայացրած է եղել վերաքննիչ բողոք, որը դատարանը վարույթ է ընդունել։ Բայց հայցվորը չի ներկայացել դատարան եւ հարցը մնացել է առանց քննության»,- պատմեց տեղի բնակիչը։ Այսինքն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը կատարվել է, սակայն հատագայում այդ հարցը մնացել է առանց քննության։ Իսկ հետագայում, ինչպես նշեցինք վերը, սեփականության իրավունքը փոխանցվել է «Ռատկո» ընկերությանը։ 

Հարությունյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ, ըստ էության, այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չունի իրավական հիմքեր․

«Այդ վճիռը, որի հիման վրա տարածքը տրամադրվել է սեփականտերերին, ուժի մեջ չէ։ Դրա վերաբերյալ հաղորդում է տրված եղել եւ պահանջվել է հարուցել քրեական գործ, որովհետեւ այդտեղ երբեւէ ոչ մի նկուղ չի եղել եւ այդ վճիռը, վճռի կատարումը եղել են ապօրինի։ Քրեական գործի հարուցումը մերժվել է, ընդ որում՝ կադաստրային նյութերում բացակայում են տեղեկություններն այն մասին, որ Կադաստրը ներկայացրել է վերաքննիչ բողոք, բացակայում է այն տեղեկությունը, որ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ, եւ հարցը մնացել է առանց քննության»։ 

Սա, ըստ Հարությունյանի, պատահականություն չէ։ Այդ առնչությամբ բնակիչները ե՛ւ Քաղաքապետարանի, ե՛ւ Կադաստրի ուշադրությունն են հրավիրել բայց դրանցից որեւէ մեկը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի վճռի շրջադարձ։

Մեր զրուցակցի խոսքով՝ Քաղաքապետարանը շահագրգիռ կողմ է, քանի որ, իր տեղեկություններով, Ընկերության հետ ունի պայմանագիր, որ կառուցվող շենքից Քաղաքապետարանին պետք է տրամադրվեն բնակարաններ։ Բնակիչը տեղեկացրեց, որ այս պահին վճռի շրջադարձ չկատարելու վերաբերյալ նյութեր են ուսումնասիրվում՝ հասկանալու՝ արդյոք կա քրեական գործի հարուցման հիմք, թե ոչ․

«Ամեն դեպքում պետք է կատարվի վճռի շրջադարձ։ Սեփականության իրավունքը պետք է վերադարձվի պետությանը, եւ կարեւոր չէ, թե ձեռքբերողը բարեխիղճ է, թե ոչ»,- եզրափակեց Հայկ Հարությունյանը։

Լիլիթ Բադեյանը, որը նույնպես ապրում է այս թաղամասում, մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ շենքի կառուցումն ուղղակի հակասում է բնակիչների շահերին․ եթե բարձրահարկը կառուցվի, ամբողջ միջավայրը կփչանա, հատկապես, որ, նրա խոսքով, կա կասկած, որ հնարավոր է՝ սողանքային իրավիճակ լինի։ Մեր զրույցին իր մտահոգություններով միացավ Կարեն Ամիրխանյանը՝ հավելելով, որ եթե նախկինում իրավունք ունեին բողոքել, որպեսզի արգելեն շինթույլտվությունը, հիմա այդ իրավունքը չունեն։ Նա ասաց, որ տեղի բնակիչների 500-ից ավելի ստորագրություններն ուղղակի անտեսվել են։

Կարեն Ամիրխանյանը

Ի դեպ՝ Ֆիզիկայի գիտավանը ԿԳՄՍ նախարարությունը ժամանակին հաստատել էր որպես հուշարձան-թաղամաս, սակայն ավելի ուշ կառուցապատման համար տրամադրված տարածքը հանվեց այդ որոշումից` բնակիչների համոզմամբ՝ հող նախապատրաստելով շինաշխատանքների համար։ 

Սա, թաղամասի բնակիչ Ֆրունզ Հարությունյանի համոզմամբ, վատ նախադեպ է, որովհետեւ մենք գործ ունենք Երեւանի ամենահին եւ կայացած համայնքներից մեկի հետ, որը, մեր զրուցակցի խոսքով, հավաքական կամք ունի․

«Եւ հաշվի չնստել բնակիչների կարծիքների հետ, նշանակում է, որ որպես այս քաղաքի բնակիչների ներկայացուցիչներն իրականությունից կտրված են, նստում են ինչ-որ բարձր աթոռի, եւ նույնիսկ չեն գալիս հանդիպելու քաղաքացիների հետ, որոնք միաձայն պահանջ ունեն։ Ոչ մի քայլ չարեցին, ոչինչ չլսեցին, դա, ես կասեի, «ղասաբություն» է»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Եւ մեկ այլ խնդիր, որի մասին բարձրաձայնեցին բնակիչները, շենքի կառուցման դեպքում թաղամասի հիմնական փողոցը գերծանրաբեռնված է լինելու, քանի որ թաղամասի բնակիչների թիվն, ըստ ամենայնի, կրկնապատկվելու է։

Բնակիչները միահամուռ փորձելու են խնդրի լուծման եզրեր գտնել եւ պատկան մարմինները ուշադրությունը հրավիրել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել