Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը
13:06 - 04 նոյեմբերի, 2021

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը

2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։

«Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել