Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին |armenpress.am|
11:41 - 08 նոյեմբերի, 2021

Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:

«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին:

«Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշեց Քերոբյանը:  

Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար:

«Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- եզրափակեց Քերոբյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել