Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան
20:00 - 08 նոյեմբերի, 2021

Դելիմիտացիայի գործընթացն ուղղակի չի թողնելու այլ լուծում, քան Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում․ Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ։ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար․ գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, այլեւս կարեւոր չէ։ Պարտությունը սկսել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, բանակում կադրային ջարդ իրականացնել․ իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, իրենց պետք էր իրենց հավատարիմ բանակ։

Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել, ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհայինից հետո այսպիսի բան չի եղել։ 

Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին, բայց այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Ուրեմն, այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքն այս իշխանության խղճի վրա է»,- ասաց Քոչարյանը՝ հայտարարելով, որ այս շարքը դեռ կարող է երկար շարունակել։

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի թեմային, «Զանգեզուրի միջանցքին»՝ Քոչարյանն ասաց, որ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում․ «Սա ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է լինելու, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ երբ ուզի, ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին, եւ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ բացառվում է թույլատրել սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան կամ որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել