Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում
21:23 - 12 նոյեմբերի, 2021

Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Նոյեմբերի 2-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով Եվրախորհրդարանի անդամ երկրներում տուժածների համար առաջարկվել է ստեղծել փոխհատուցման ֆոնդ։

Գրառման մեջ նշված են չորս պատվաստանյութերի՝ «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմնակի հետևանքների ու մահվան դեպքերի վերաբերյալ թվեր, ինչպես նաև կցված է Եվրախորհրդարանի կայքում ֆոնդ ստեղծելու առաջարկի հղումը։ Տեղեկությունը հրապարակվել է analitik.am կայքում՝ «Կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել են ավելի քան 5000 մարդ. Եվրապառլամենտ» վերնագրով։

 

Եվրախորհրդարանում ֆոնդ ստեղծելու առաջարկի հետքերով

Առաջին հայացքից թվում է, թե գրառման մեջ ամեն ինչ ճիշտ է․ Եվրախորհրդարանի կայքում իրոք նշված են նույն թվերն ու առաջարկը, և հղում է արվում Դեղերի եվրոպական գործակալությանը, որի կայքում պատվաստանյութերի կողմնակի հետևանքների վերաբերյալ թվային տվյալներ իրոք առկա են։ Սակայն իրականում պատվաստումների կողմնակի հետևանքների ու մահերի թվերը մանիպուլյատիվ են ներկայացվում։

COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ ստեղծելու մասին բանաձև ընդունելու առաջարկն արել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոնը (Virginie Joron)։ Այն, որ Ժորոնն առաջարկել է այդպիսի ֆոնդ ստեղծել, չի նշանակում, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևը։ Երբ Եվրախորհրդարանի պատգամավորը որևէ բանաձև ընդունելու առաջարկ է անում, այն մի քանի փուլ է անցնում և կարող է ընդունվել միայն քվեարկության դրվելուց հետո։ Եթե փնտրենք Եվրախորհրդարանի կայքում, կտեսնենք, որ այդպիսի ֆոնդ ստեղծելու մասին որևէ բանաձև չի ընդունվել։

Բացի այդ՝ պատվաստումից հետո գրանցված կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացված են համատեքստից կտրված՝ առանց նշելու մի քանի կարևոր կետեր․

  • Եվրամիության երկրներում որքա՞ն մարդ է պատվաստվել, և պատվաստվածների քանի՞ տոկոսի մոտ են առաջացել կողմնակի հետևանքներ, կամ գրանցվել է մահ։
  • Որքա՞ն մարդ է ԵՄ երկրներում մահացել հենց կորոնավիրուսային հիվանդությունից, և որքանով են պատվաստանյութերը նվազեցնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը։
  • Դեղերի եվրոպական գործակալություը նշում է, որ եթե պատավստվելուց հետո հաղորդվել է կողմնակի հետևանքի կամ մահվան մասին, պարտադիր չէ, որ դա կապ ունենա հենց պատվաստանյութերի հետ։

 

Պատվաստվելուց հետո կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ տվյալներ

Ինչ վերաբերում է կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ թվերին, ապա Ժորոն առաջարկը ներկայացրել է 2021-ի սեպտեմբերի 23-ին և նշել է այդ պահի դրությամբ առկա տվյալները։ Մենք կներկայացնենք Դեղերի եվրոպական գործակալության վերջին տվյալները։

Այսպես, Դեղերի եվրոպական գործակալության «EudraVigilance» համակարգի նպատակն է Եվրոպական տնտեսական տարածքում թույլատրված դեղերի կասկածելի անբարենպաստ ռեակցիաների (adverse reactions) մասին տեղեկությունների վերլուծությունը։ Այս համակարգի միոցով նշված տարածքի երկրների բնակիչները որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ ստանալուց հետո կարող են հաղորդել կասկածելի հետևանքների մասին։ 

Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ պատվաստումներին հետևած առողջական խնդիրները պարտադիր չպետք է կապված լինեն պատվաստանյութերի հետ․ դրանք կարող են կապված լինել այլ հիվանդության կամ նույն ժամանակահատվածում ընդունած այլ դեղամիջոցի հետ։

Գործակալությունը պարբերաբար թարմացնում է Եվրոպական տնտեսական տարածքում օգտագործվող պատվաստանյութերի՝  «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» մասին տվյալները։

Բացի կողմնակի հետևանքների մասին տվյալներից՝ գործակալությունը նաև անհատական դեպքերի մասին տվյալներ է ներկայացնում։ Կողմնակի հետևանքների և անհատական դեպքերի մասին տվյալները կարող են չհամընկնել, քանի որ յուրաքանչյուր անհատական դեպք վերաբերում է կոնկրետ մեկ պացիենտի, և մի քանի կողմնակի հետևանքներ կարող են ներառվել մի անհատական բողոքի մեջ։

Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև․ առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։

Այսպիսով, անհատական դեպքերի մասին վերջին թարմացումը գործակալությունն արել է նոյեմբերի 6-ին։ «Պֆայզերի» դեպքում անհատական դեպքերի թիվը 549 762  է, «Մոդեռնայի» դեպքում՝ 152 101, «Աստրա-Զենեկայի» դեպքում՝ 406 132, «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում՝ 36 166։ Հիշեցնենք՝ այս թվերն ավելի մեծ են, քան Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի նշած թվերը, քանի որ նա առաջարկը ներկայացրել է սեպտեմբերին։

Համաձայն Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախորդ շաբաթվա տվյալների (վերցվել են նախորդ շաբաթվա տվյալները, քանի որ անհատական դեպքերի մասին տվյալները վերջին անգամ թարմացվել են նոյեմբերի 6-ին)՝ Եվրոպայի տնտեսական տարածքում ամբողջովին պատվաստվել է 293 341 966 մարդ, իսկ միայն մեկ դեղաչափ ստացել է 297 423 576, այսինքն՝ պատվաստվել է, ընդհանուր առմամբ, 590 765 542 մարդ (ներառված չեն պատվաստանյութերի լրացուցիչ և չդասակարգված դեղաչափերը)։ Եթե գումարենք վերը նշված պատվաստանյութերից հետո «EudraVigilance» համակարգի միջոցով գրանցված անհատական դեպքերը, կստացվի 1 144 161 դեպք, ինչը պատվաստված մարդկանց  ~0,19%-ն է։ 

Ֆրանսիացի պատգամավորն իր առաջարկում խոսում է նաև պատվաստանյութերից հետո գրանցված մահերի մասին։ Այս տվյալները ևս նա վերցրել է Դեղերի եվրոպական գործակալության կայքից։ 

Ինչպես արդեն նշեցինք, բացի անհատական դեպքերի մասին հաղորդումներից՝ գործակալությունը յուրաքանչյուր պատվաստանյութի համար ներկայացնում է կողմնակի հետևանքների և գրանցված մահերի մասին տվյալներ՝ շեշտելով․ «Այն փաստը, որ որևէ մեկն առողջական խնդիր է ունեցել կամ մահացել է պատվաստվելուց հետո, պարտադիր չի նշանակում, որ դա եղել է պատվաստանյութի պատճառով։ Պատճառը կարող էին լինել պատվաստանյութի հետ կապ չունեցող առողջական խնդիրները»։ 

Մենք ներկայացնում ենք գործակալության ամենաթարմ տվյաները, այդ պատճառով պատգամավորի առաջարկում մահվան դեպքերն ավելի քիչ են։

Այսպիսով, ըստ վերջին թարմացված տվյալների՝ մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է «Պֆայզերի» հնարավոր կասկածելի հետևանքների 361 767 դեպքի մասին, որից 5113-ը՝ մահվան ելքով։ Գործակալությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Պֆայզերի» ավելի քան 420 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 210 մլն մարդ, և մահ գրանցվել է պատվաստված մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։

«Մոդեռնա» ստացածների շրջանում մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 80 486 դեպքի մասին, որից 495-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Մոդեռնայի» ավելի քան 59.8 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութեը ստացել է առնվազն 29,9 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է պատվաստանյութը ստացած մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։

Մինչև սեպտեմբերի 30-ը «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց շրջանում հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 199 999 դեպքի մասին, որից 1211-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Աստրա-Զենեկայի» ավելի քան 68.7 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 34․35 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց առավելագույնը ~0,004%-ի մոտ։

Մինչև սեպտեմբերի 30-ը «Ջոնսոն և Ջոնսոնի» պատաստանյութը ստացած մարդկանց մոտ հաղորդվել է հնարավոր կողմակի հետևանքների 23 455 դեպքի մասին, որից 171-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են նշված պատվաստանյութի ավելի քան 14.3 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 7․15 մլն մարդ, և մահվան դեպք արձանագրվել է պատվաստանյութ ստացած մարդկանց առավելագույնը 0,002%-ի մոտ։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե որքան մարդ է մահանում հենց կորոնավիրուսից։ Եվրոպայում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 67 527 367 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 345 578 մարդ, այսինքն՝ վարակվածների ~1,99%(ներկայացված են նոյեմբերի 12-ի՝ ժամը 17։55-ի տվյալները)։ 

Ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոն իր առաջարկում նաև նշել է, որ «Պֆայզեր» պատվաստանյութը ստանալուց հետո 75 000 մարդու մոտ առաջացել են նյարդաբանական լուրջ խնդիրներ։ Նյարդաբանական խնդիրներ են համարվում անոթային խանգարումները, Ֆունկցիոնալ խանգարումները (օրինակ՝ գլխացավ, էպիլեպսիա) և այլն: Դեղերի եվրոպական գործակալության ներկայացրած վերջին տվյալներով՝ «Պֆայզեր» ստացած մարդկանց շրջանում նյարդաբանական լուրջ խնդիրների մասին հաղորդումների թիվը 85 948 է։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա դրությամբ Եվրոպայի տնտեսական տարածքում պատվաստվել է 590 765 542 մարդ, այսինքն՝ նյարդաբանական լուրջ խնդիրներ առաջացել են պատվաստված մարդկանց 0,01%-ի մոտ։

Հոկտեմբերի 25-ին «Nature» գիտական գրախոսվող ամսագրում հրապարակված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել են «Աստրա-Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերից, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությունից հետո նյարդաբանական բարդությունների դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած պատվաստվելուց հետո նյարդաբանական բարդությունների ռիսկ կա, այդ ռիսկն ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո։

 

Պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ քիչ է COVID-19-ից մահանալու հավանականությունը

Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չպատվաստված մարդկանց մոտ շատ ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելու և մահանալու հավանականությունը, քան պատվաստվածների մոտ։ Օգոստոսին ԱՄՆ-ում չպատվաստված մարդկանց մոտ վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։ 

«The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65-79 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 64,8 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 4,2։ 80+ տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 420,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 14,0։ 18-64 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 3,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 0,8։ 

Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։

Ամփոփելով նշենք․

  • Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկել է ստեղծել պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ, սակայն նման բանաձև չի ընդունվել։
  • Analitik.am-ի վերնագիրը մանիպուլյատիվ է․ Եվրախորհրդարանը չի հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է ավելի քան 5000 մարդ։
  • COVID-19-ի դեմ պատվաստումների կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացնելիս կարևոր է նշել, որ եթե պատվաստվելուց հետո առաջացել են առողջական խնդիրներ, կամ գրանցվել է մահ, պարտադիր չէ, որ պատճառը հենց պատվաստանյութերը լինեն։
  • Կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու հանավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է։
  • Տարբեր երկրների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ ավելի քիչ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, քան չպատվաստվածների:

Գլխավոր լուսանկարը՝ The New York Times-ից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել