ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
Նա արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ եւ ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Աղաջանյանը հիշեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունն առ այն, որ նոյեմբերի 14-ին ՀՀ-Ադրբեջան սահմանի արեւելյան տեղամասերից մեկում ադրբեջանական ԶՈՒ-երը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, եւ որ բանակցությունների արդյունքում զինտեխնիկան եւ զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ․
«Տեղի ունեցածի արդյունքում վերոնշյալ հատվածում Ադրբեջանն ամրապնդել է ս․թ․ մայիսի 12-ին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը։ Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ․ կմ տարածք՝ շուրջ 11 տեղամասերում։ Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ հայտարարութուններով՝ ըստ էության նորանոր տարածքային եւ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի համար։ ՀՀ-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ։ Այս իրավիճակն ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի համար»,- ասաց ՔՊ-ական պատգամավորն ու նշեց, որ դեռեւս այս տարվա մայիսի 12-ից հետո ՀՀ-ն հանդես էր եկել ՀԱՊԿ-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգին համաձայն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։
Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահող երկիր է, Էդուարդ Աղաջանյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձգանաքման կարգի․ «Միեւնույն ժամանակ, խորհրդարանական մեր գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող եւ լուսաբանող հայտարարույթուններով»,- եզրափակեց պատգամավորը։
comment.count (0)