Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով
17:52 - 19 նոյեմբերի, 2021

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Սոցցանցերում և սունկ կայքերում երբեմն կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ նշվում է, թե մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել վիտամիններով հարուստ սնունդ կամ դեղահաբերով վիտամիններ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Չնայած որոշ վիտամինների ընդունումն ունի հակաբորբոքային, իմունիտետը խթանող ազդեցություն, չկան բավարար տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները կարող են կանխել կորոնավիրուսով վարակվելը կամ էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության ընթացի վրա։ Իսկ առանց բժշկի թույլտվության դեղահաբերով վիտամիններ ընդունել չի կարելի, քանի որ որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։

Այժմ պատասխանենք մի քանի կարևոր հարցերի

  • ինչե՞ր են վիտամինները, ի՞նչ գործառույթներ են կատարում օրգանիզմում,
  • ինչպե՞ս ենք մենք ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները,
  • ըստ գիտական հետազոտությունների՝ ինչպե՞ս են վիտամիններն ազդում կորոնավիրուսային հիվանդության վրա,
  • ինչո՞ւ չի կարելի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։

 

Ինչե՞ր են վիտամինները

Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնք առկա են բուսական և կենդանական սննդի մեջ։ Մենք որոշ վիտամիններ ստանում ենք սննդից, որոշ վիտամիններ էլ արտադրում է մեր օրագնիզմը։ Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին աճելու և զարգանալու համար յուրաքանչյուր վիտամին օրգանիզմում որոշակի գործառույթ ունի, և վիտամինների պակասը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վիտամին C-ն, օրինակ, մեծ դեր ունի իմունային համակարգի գործունեության և կարգավորման հարցում, այս վիտամինի պակասն ասոցացվում է շնչառական վարակների և թոքաբորբի հանդեպ ընկալունակության բարձրացման հետ։ Վիտամին D-ն էլ օգնում է իմունային համակարգին տարբեր եղանակներով, այդ թվում՝ պաշտպանելով վիրուսներից և նվազեցնելով սուր շնչառական վարակների ռիսկը։

Բավականաչափ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է, որը ներառում է տարբեր սննդատեսակներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում վիտամինների պակասը լրացնել դեղահաբերի միջոցով, բայց նման դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ  որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են խնդիրներ առաջացնել։

 

Վիտամինները և կորոնավիրուսը

Գիտական տարբեր հետազոտություններ են իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում վիտամինների որոշ տեսակներ կարող են արդյունավետ լինել։

Հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-ով հիվանդների կլինիկական վիճակը բարելավվել է վիտամին C-ի ընդունման դեպքում։ Կան նաև հետազոտություններ, ըստ որոնց՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների մոտ այս վիտամինն ընդունելը դրական արդյունքներ չի ունեցել։ Նույնը վերաբերում է վիտամին D-ին։ Եթե մի հետազոտության դեպքում D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է եղել, ապա կան հետազոտություններ, որոնց արդյունքներով D վիտամինը որևէ ազդեցություն չի ունեցել վարակումը կանխելու հարցում։

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշում է, որ հետազոտությունների արդյունքում առավել դրական ազդեցություն դրսևորել է վիտամին D-ն, որն առաջին, երկրորդ մակարդակի ապացուցողական հիմք ունի՝ մեղմելու հիվանդության ընթացքը, նվազեցնելու թթվածնային կախվածությունը և ավելի բարվոք ելքի բերելու։ Սակայն, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռևս շարունակական ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի այս վիտամինը մտցվի բուժական ընթացակարգի մեջ՝ որպես խթանող, բուժմանն օժանդակող միջոց։ 

«C վիտամինը սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ որպես օգնող, օժանդակող միջոց, խորհուրդ տվում է կիրառել, բայց վիտամինն օժանդակ միջոց է և որևէ առանցքային նշանակություն չունի։ Ճչացող վերնագրեր դնել, որ դա համար մեկ թշնամին է, շատ սխալ է։ Եթե մենք այսօր ունենք կորոնավիրուսի իրական համար մեկ թշնամին՝ պատվաստումը, հիմնվել հանրամատչելի, ոչ գիտական տվյալների վրա, ասել՝ նուռ կերեք, կիվի կերեք և դրանով կկանխեք COVID-ը, գիտական որևէ հիմք չունի»,- նշում է նա։

Մերի Տեր-Ստեփանյանը խորհուրդ չի տալիս առանց բժշկի խորհրդի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու կամ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը թեթևացնելու նպատակով։

«Ցանկալի է վիտամիններն ընդունել հենց սննդի միջոցով, դեղահաբերի տեսքով սննդային հավելումներից, լրացուցիչ վիտամիններից և հանքային նյութերից հնարավորինս խուսափել առանց բժշկի խորհրդի, որովհետև դրանք կարող են ունենալ նաև հակառակ ազդեցությունը։ Վիտամին C-ն որոշ դեպքերում կարող է ալերգիկ պրոցեսներ խթանել, դրա ավելցուկ քանակները կարող են բերել փորլուծության, սրտխառնոցի, փսխման, որոշ տվյալների համաձայն՝ բջիջների ատիպիկ զարգացման և գերաճի: Այնպես որ, վիտամիններին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Եկեք հիմնվենք բժշկի խորհրդի վրա և վիտամինների հիմքը ստանանք սննդի միջոցով, ոչ թե դեղահաբերի»,- ասում է մասնագետը։

Մերի Տեր-Ստեփանյանը հավելում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոցը առաջին հերթին պատվաստումն է, իսկ հետո՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և այլն։

Ամփոփելով՝ նշենք

  • վիտամինները մեր օրգանիզմի համար կարևոր նյութեր են, որոշ վիտամիններ ունեն հակաբորբոքային նշանակություն և պաշտպանում են սուր շնչառական վարակներից,
  • օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է դեղահաբերով վիտամիններ կարելի է ստանալ միայն բժշկի ցուցումով, քանի որ մեծ չափաբաժինները կարող են խնդիրներ առաջացնել,
  • կորոնավիրուսային հիվանդության վրա վիտամինների ունեցած ազդեցության վերաբերյալ կան հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները միանշանակ չեն․ չկան հստակ տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա կամ կարող են կանխել վարակումը։

Գլխավոր լուսանկարը՝ Nature-ի
Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել