Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|
21:08 - 01 դեկտեմբերի, 2021

Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|

hetq.am: Հունաստանի իշխանությունները որոշել են 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ 

Վարչապետի խոսքով՝ մինչև հունվարի 16-ը Հունաստանի 60-ից բարձր բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։ Ինչպես նշում է Reuters-ը, Հունաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 730 եվրո։ Տուգանքներից ստացված գումարը կհավաքվի հատուկ ֆոնդում, որը կուղղվի հիվանդանոցների ֆինանսավորմանը։ 

Պարտադիր պատվաստման որոշումը Միցոտակիսը բացատրել է նրանով, որ Հունաստանի հիվանդանոցներում հիմնականում հայտնվում են այս տարիքային խմբի չպատվաստված բնակիչները։ «Դա պատիժ չէ։ Ես կասեի, որ դա կյանքի գինն է»,- հայտարարել է հունական կառավարության ղեկավարը։ 

Միցոտակիսը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, սակայն սպասվում է, որ օրենսդիրը կընդունի այն։ Ընդդիմադիր «Սիրիզա» ձախամետ կուսակցությունը նորամուծությունն անվանել է «պատժիչ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել