Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում
17:12 - 14 դեկտեմբերի, 2021

Պետական մարմինները չեն պատասխանում՝ իրավական ինչ հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը չեն պատասխանում՝ ինչ իրավական հիմքով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում։

Այս տարվա օգոստոսի 5-ին Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հրապարակումներից հետո տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ «Գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- հայտնել էին նախարարությունից։

Infocom-ը, ճշտելու համար, թե հայ-ռուսական որ պայմանագրով է կարգավորվում ռուս սահմանապահների տեղակայումը Ոսկեպարում, հարցում էր ուղարկել ՊՆ։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունը նշել էր, որ հարցն իր իրավասություններից դուրս է, քանի որ սահմանապահների գործունեությունը և համագործակցությունը ՌԴ սահմանապահների հետ համակարգում է ՀՀ ԱԱԾ-ն։

ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ռուս սահմանապահների տեղակայումը  կարգավորվո՞ւմ է 1995 թ․-ի մարտի 16-ի՝ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրով։ Նախարարությունը հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայումն այս պայմանագրով չի կարգավորվում։ 

Նույն հարցով դիմել էինք նաև վարչապետի աշխատակազմին ու Ազգային անվտանգության ծառայությանը։ Գործադիրից մեր հարցումը վերահասցեագրել էին Ազգային անվտանգության ծառայությանը։

Իսկ ԱԱԾ-ից այսպես էին պատասխանել․ «Ռուս սահմանապահների տեղակայումը կարգավորվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև իրականացվող համագործակցության շրջանակում»։ Հարցման արդյունքում չստանալով մեզ հետաքրքրող հարցի պատասխանը՝ ևս մեկ անգամ դիմել էինք ԱԱԾ-ին՝ խնդրելով հստակեցնել, թե իրավական ի՞նչ ակտի հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ոսկեպարում։

ԱԱԾ-ն կրկին նույն պատասխանն էր տվել, բայց այս անգամ հավելելով, որ ՀՀ եւ ՌԴ սահմանապահ ծառայությունների միջեւ իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը չեն կարող տրամադրել, քանի որ դրանք, ըստ ԱԱԾ-ի, գաղտնիք են պարունակում՝  համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի»։ Հոդվածի այս կետով սահմանվում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Քանի որ անհասկանալի էր, թե ինչ փաստաթուղթ է մատնանշում ԱԱԾ-ն, որը գաղտնիք է պարունակում, փորձեցինք հեռախոսազանգի միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանը, սակայն ԱԱԾ-ից մեր հարցերին ի պատասխան միայն նշեցին, որ  հարցման պատասխանին ավելացնելու ոչինչ չունեն։

Հստակեցնելու համար, թե պետական կամ ծառայողական ինչ բնույթի գաղտնիք է պարունակում մեր հայցած տեղեկությունը, ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԱԾ։ Խնդրեցինք հստակեցնել, թե «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածի ո՞ր կետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, կամ կառավարության որոշմամբ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ո՞ր կետի ո՞ր ենթակետով է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը։ 

ԱԱԾ-ից պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն․ նշյալ կետը սահմանում է, որ ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկությունները։ 

Ծառայության հարցման պատասխանի համաձայն՝ մեր հայցած տեղեկությունը գաղտնիք է նաև կառավարության որոշմամբ սահմանված պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի առաջին կետի համաձայն․ ըստ այդ կետի մի շարք ենթակետերի՝  ռազմական բնույթի որոշ տեղեկություններ գաղտնիք են համարվում։ ԱԱԾ ևս մեկ հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ կետի ո՞ր ենթակետի համաձայն է մեր հայցած տեղեկությունը գաղտնիք, սակայն ԱԱԾ-ն չի պատասխանել մեր ճշտող հարցին՝ նշելով, որ նախկին հարցմանը սպառիչ պատասխան է տվել։ 

ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե որ գերատեսչական ցանկի համաձայն է գաղտնիք մեր հայցած տեղեկությունը. այդ ցանկով յուրաքանչյուր գերատեսչություն որոշում է, թե ինչ բնույթի տեղեկություններն է գաղտնիք համարում։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ այդ հարցին արդեն սպառիչ պատասխանել են, թեև մենք նախկինում նման հարց չէինք բարձրացրել։ 

Արտաքին գործերի նախարարությունն էլ հետևյալ պատասխանն է ուղարկել․ «1991 թ․ ի վեր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա է համագործացկություն տարբեր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական և ռազմական հարցերի շուրջ, ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազա։ Սակայն Ձեր հարցի առնչությամբ ավելի հստակ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել պաշտպանության նախարարությանը»։

Իսկ վարչապետի աշխատակազմը մեր հարցումը դարձյալ վերահասցագրել էր ԱԱԾ։

Այսպիսով, հարցը, որ բարձրացրել էինք, չէր վերաբերում «Պետական և ծառայողական գաղտնիք մասին» ՀՀ օրենքի համապատասխան ենթակետին, այն է՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի ու միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին տեղեկություններ, որին ԱԱԾ-ն հղում է արել, այլ խնդրել էինք արդեն իսկ հայտնի տեղակայման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը տրամադրել։ Իսկ տեղակայման մասին հայտարարել էր Պաշտպանության նախարարությունը։

Նանե Ավետիսյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել