Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ
15:52 - 17 դեկտեմբերի, 2021

Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ

Ինչպես արդեն հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Միեւնույն ժամանակ շարունակում են քննարկումները, թե ինչու է խմբակցությունը որոշել անվտստահություն հայտնել քաղաքապետին։ 

Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ է թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց ստորեւ կանդրադառնանք՝ ըստ հերթականության ներկայացնելով դրանց իսկությունն ու հավաստիությունը։

  • «Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, Հայկ Մարությանը ՔՊ-ից  դուրս գալու դիմում է ներկայացրել»,- գրել է կայքը։

Մամուլը մինչեւ նախօրեն իր տեղեկություններով էր գրում, որ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայկ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատերազմից հետո։ Ալեքսյանյանը հայտնեց, որ կուսակցությունը ստորագրել է Մարությանի դիմումը, ուստի նա այլեւս ՔՊ ներկայացուցիչ չէ։ Այս լուրն ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց նաեւ ՔՊ-ի հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ 2020 թվականի դեկտեմբերին Մարությանն իր դիմումի համաձայն լքել է կուսակցությունը։

Ի դեպ, 2021թ․ հունվարի 27-ին ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, խոսելով Մարությանի հրաժարականի՝ այդ շրջանում տարածվող լուրերի մասին, «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում նշել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մեկ ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»: Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցության պնդումը, թե Մարությանը 2020թ․ դեկտեմբերին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հակասում է հենց ՔՊ-ի՝ 2021 հունվարին տված պարզաբանմանը, ինչպես արձանագրել է fip.am-ը: 

  • «Հայկ Մարությանը նեղ շրջանակներում մի քանի անգամ ասել է, որ  կապ չունի, թե այս իշխանությունը կռիվ է տվել Արցախը պահելու համար, միեւնույն է պատերազմը պարտվել են, իսկ ինքը չի պատրաստվում  պատերազմը պարտված Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կրել»,- գրել է կայքը՝ ինչպես նշեցինք՝ իր տեղեկություններով։

Այս պնդման իսկությունը ստուգելը հնարավոր չէ․ կայքը հղում է անում իր տեղեկություններին, նեղ շրջանակներին, կամ, այլ կերպ ասած, անանուն աղբյուրներին։ 

  • «Մի քանի  օր առաջ մամուլը  գրեց, որ Մարությանը  վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ, չի բացառվում որ նա հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ։  Եվ չնայած Մարությանի  խոսնակը հերքեց Մարությանի եւ Քոչարյանի հանդիպման մասին լուրերը,  ի սկզբանե  պարզ էր,  որ  Մարությանը անգամ եթե հանդիպել էր Քոչարյանի հետ, դրա մասին չէր հայտարարի եւ ամեն ինչ կաներ դա հերքելու համար»,- գրել է կայքը։
  • Ի դեպ, ՔՊ-ի՝ հիշատակված հայտարարության մեջ այսպիսի մի տող կա․ «Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»:

Նախ, ինչ վերաբերում է կայքի հրապարակմանը, խոսքը «Հայկական ժամանակ» թերթի ինտերնետային armtimes.com կայքի մի նյութի մասին է, որտեղ Քոչարյանի հետ հանդիպումների մասին էր գրված՝ շրջանառվող տեղեկություններին հղումով։ Այս տեղեկություններին առավել բարձր արժանահավատություն հաղորդելու համար կայքը մատնանշել էր, որ Մարությանի պաշտոնավարման ժամանակ մայրաքաղաքում հայտնվեցին Ռ․ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները։ Այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք․ պարզվել էր, որ քաղաքապետարանն ուղղակի որեւէ իրավական հիմք չուներ՝ արգելելու այդ գովազդային պաստառների տեղադրումը։

Ավելին, ինչպես հիշատակել են fip.am-ի մեր գործընկերները, դեռևս 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը արգելել էր «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրումը, ինչից հետո գրքի հրատարակիչ կազմակերպությունը՝ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն, դիմել էր դատարան։ Իսկ դատարանը բավարարել էր հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին թույլատրել վահանակների տեղադրումը։ Սակայն 2021 թ․ հունվարին քաղաքապետարանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում, որտեղ էլ մինչ այժմ քննվում է այդ գործը։ 

Ի վերջո, armenianews.net նյութից հետո, սակայն, ե՛ւ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արամ Վարդեւանյանը հերքել էին [1, 2] Մարության-Քոչարյան հանդիպումների մասին լուրերը։ Կայքը չի հիմնավորել, թե ինչու արժանահավատ չի համարում այս հերքումները։

Ավելի ուշ արդեն՝ երեկ երեկոյան, Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ այս լուրերին՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ որեւէ պայմաններում չի հանդիպել, անգամ պատահաբար, եւ որ որեւէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն ու մտադրություն չունի:

  • «Հայկ Մարությանը առաջինն էր, որ սկսեց բաժանել ժողովրդին սեւերի եւ  սպիտակների՝ դրանով իսկ ատելության քարոզ անելով»,- գրել է կայքը։

Այն, որ սեւերի ու սպիտակների մասին խոսույթն առաջին անգամ Մարությանն է օգտագործել, հանրահայտ փաստ է։ Սակայն կայքը մոռացել է նշել, որ քաղաքապետի՝ արդեն նախկին քաղաքական թիմակիցները պաշտպանել են այդ թեզը եւ նույնիսկ շրջանառել։

Մարությանն այդ հայտարարությունն արել էր 2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Նա ասել էր՝ «մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել՝ սեւ ուժերն են, որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը, դա միայն Հայաստանի հաջողությունն է»։ Մարությանի այս ելույթն, ի դեպ, ՔՊ-ականների ծափերին էր արժանացել։

Արդեն օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին, ավագանու ընտրությունների նախաշեմին Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը գրեթե նույնությամբ կրկնեց Հայկ Մարությանի խոսքերը՝ նրա կողքին կանգնած հայտարարելով․ «Հայաստանի քաղաքացու դեմ խաղ չկա, ՀՀ-ում սպիտակները հաղթել են, եւ սեւերի պարտությունն անշրջելի է, ՀՀ-ում սեւերը ջախջախված են, եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու․․․»։

Սեւ ու սպիտակի բաժանելու մասին քննարկումները հետագայում երկար շարունակվեցին, բայց փաստ է այն, որ ՔՊ-ականները եթե անգամ անհամաձայնություն ունեին այդ բաժանման հետ, միեւնույն է՝ հանդուրժող էին դրա հանդեպ։

  • «Երեւանի քաղաքապետը նաեւ քաղաքապետ դառնալուց հետո մի քանի անշարժ գույք է ձեռք բերել, բայց որքան էլ զարմանալի է, ոչ  Հայաստանում։ Մարությանն անգամ իր իսկ ղեկավարած համայնքում ներդրումներ չի անում, նախընտրում է դրանք անել իր համար արդեն հարազատ դարձած Չեխիայում։  Իսկ մի անգամ նույնիսկ ավագանու ու թաղապետերի ներկայությամբ ասել է, որ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի»»,- Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին կայքի հաջորդ պնդումն է սա։

Հայկ Մարությանի՝ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2018-ին ներկայացրել է 21 միավոր գույք՝ բնակարաններ, առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, որոնց մի մասը՝ Չեխիայում (Մարությանի ունեցվածքի մասին առավել մանրամասն գրել են hetq.am-ի մեր գործընկերները): Չեխիայի անշարժ գույքի մի մասը Մարությանի ու նրա կնոջ համատեղ սեփականությունն է (քաղաքապետի կինն ազգությամբ չեխ է): ՉՀ-ի բնակելի տարածքները Մարությանը տրամադրում է վարձակալությամբ, որից էլ գոյանում է նրա եկամուտների մի մասը։

Մարությանի՝ 2019 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018թ․ հունիս ամսին նա Չեխիայում ձեռք է բերել 1 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք եւ 1 հողամաս, որոնք համարվում են համատեղ սեփականություն։ Մարությանը քաղաքապետ է 2018-ի սեպտեմբերից, այսինքն՝ նշված գույքը նա ձեռք է բերել քաղաքապետ դառնալուց առաջ։ Բայց պաշտոնն ստանձնելուց հետո, արդեն 2020 թվականին, Մարությանը Չեխիայում ձեռք է բերել մեկ ավտոկայանատեղի։ Սակայն քաղաքապետ դառնալուց առաջ նա եւս մի քանի ավտոկայանատեղի ուներ Չեխիայում։

Հաշվի առնելով, որ Մարությանը մինչեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելն էլ Հայաստանից դուրս՝ մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում, անշարժ գույք ուներ, ապա 2018-ից հետո Հայաստանից դուրս նոր գույքի ձեռքբերումը տարօրինակ եւ խնդրահարույց չէ։ Ուստի վերը հիշատակված հատվածում այն ընդգծումը, թե զարմանալի է, բայց Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո Հայաստանից դուրս գույք է ձեռք բերել, մանիպուլյատիվ է։

Բացի դրանից՝ 2020 թվականին ձեռք բերած ավտոկայանատեղիի արժեքը եղել է 290 հազար չեխական կրոնա, բայց Մարությանն իր անշարժ գույքերի վարձույթից ստացել է 1 մլն 199 հազար 200 չեխական կրոնա եկամուտ։ Ընդ որում, սա Մարությանի միայն մի աղբյուրից ստացած եկամուտն է, եկամտի այլ աղբյուրներ էլ կան, որոնց կարող եք ծանոթանալ 2020թ․ հայտարարագրում։

Ինչ վերաբերում է վերջին հատվածին, թե Մարությանն ասել է՝ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի», զուրկ է որեւէ հիմնավորումից․ նյութում չկա այս պնդումը հաստատող որեւէ ապացույց։

  • Հաջորդիվ կայքը գրել է, թե Մարությանը ավելի շատ արձակուրդում է լինում, քան աշխատանքի․ «Մարությանն իր անձնական հանգիստ էլ ավելի է վեր դասում, քան Երեւանի քաղաքապետի  պաշտոնում իր իսկ ստանձնած պատասխանատվությունը։ Իսկ  քաղաքում չլուծված խնդիրներն անհամար են»։

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ամենամյա նվազագույն արձակուրդի հնարավորություն, որի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2005թ․ օգոստոսի 11-ի 1384-Ն որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ 4 աշխատանքային օրով։

Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 7-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոններ են նաեւ Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները։ Ուստի լրացուցիչ արձակուրդի իրավունք ունի նաեւ Մարությանը։

Երեւանի քաղաքապետարանից Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է մեկնել 2019թ. հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ՝ 2 աշխատանքային օր, ապա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը ներառյալ՝ 14 աշխատանքային օր, նոյեմբերի 28-ից նոյեմբերի 29-ը ներառյալ՝ 2 օրացուցային օր՝ չվճարվող արձակուրդ։ Ընդհանուր առմամբ՝ 18 օր, որից 2-ը՝ չվճարվող արձակուրդ։ Այսինքն՝ Մարությանն օգտագործել է հասանելիք վճարվող արձակուրդի միայն 16 օրը։

2020թ. Մարությանն արձակուրդ է մեկնել մարտի 10-ից մարտի 13-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր, հուլիսի 27-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 5 աշխատանքային օր, օգոստոսի 11-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 11 աշխատանքային օր, նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր եւ 2019թ. չօգտագործված արձակուրդի 8 աշխատանքային օրերը, որից 4 աշխատանքային օր հետ է կանչվել։ Ընդհանուր առմամբ՝ 28 օր։

Բացի դրանից՝ նաեւ 2020թ. նոյեմբերի 14-ից նոյեմբերի 28-ը ներառյալ արձակուրդի է մեկնել անաշխատունակության թերթիկով (covid 19):

2021թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը ներառյալ քաղաքապետը նորից արձակուրդում է եղել՝  2020թ. հետ կանչված 4 աշխատանքային օրերը եւ 2021թ. ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդներից 7 աշխատանքային օր ներառյալ: Ընդհանուր առմամբ՝ 11 աշխատանքային օր։

Արձակուրդի թվերն իրար գումարելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Մարությանն ուղղակի չէր կարող ավելի երկար արձակուրդում գտնվել, քան աշխատանքի։ Բացի դրանից՝ արձակուրդում եղած օրերի գումարը ցույց է տալիս, որ դրանք օրենքի շրջանակում են։ Ուստի կայքի պնդումը հիմնազուրկ ու կեղծ է։

  • «Վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին։ Անգամ կան  հարուցված բազմաթիվ քրեական գործեր»,- նյութում գրել է կայքը։

Թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում՝ կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված մեր հարցման պատասխանն ստանալուց հետո։

  • Եւ վերջում կայքը գրել է, որ Մարությանը վերջերս հայտարարել է, որ մյուս ընտրություններին չի պատրաստվում գնալ ՔՊ-ի հետ։ Եվ սա, ըստ կայքի, այն հիմնական պատճառը, որ ավագանին պատրաստվում է  անվստահություն հայտնել Հայկ Մարությանին․ «Փաստացի Մարությանը ուրանում է այն թիմին ու հենց այն նույն Նիկոլ Փաշինյանին, ովքեր  բերանը ծռող դերասան  Հայկոյից  կերտեցին քաղաքապետ Հայկ Մարության»։

Այս պնդման իսկությունը հնարավոր չէ ստուգել․ ՔՊ-ի հետ հաջորդ ընտրություններին չմասնակցելու մասին հրապարակային հայտարարություն չի եղել։

Այսպիսով, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անսվտահություն հայտնելու որոշման ֆոնին armenianews.net կայքն իր տեղեկություններով նյութ է հրապարակել, որտեղ արված պնդումների մեծ մասն անհիմն են ու թերի։ Դրանք արվել էին այն պարագայում, երբ ՔՊ-ն նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել ավագանու անդամների դիրքորոշման եւ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ 

Իսկ թե պաշտոնապես ինչ պատճառների մասին է հայտարարում ՔՊ-ն ներկայացնում ենք ստորև․ 

«Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;

Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;

Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;

Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները;

Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը;

Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։

Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- ասված է ՔՊ հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել