«FreeNews» լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը և տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, և որն ունի նաև վերգետնյա հեռարձակման իրավունք, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։27-ին, տարածել է «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ» վերտառությամբ, իսկ ժամը 21։37-ին՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։
Freenews.am-ն այս նյութերը վերահրապարակել է armenianews.net և medianews.site լրատվական կայքերից․ սրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն չի գրվել։ Բացի սրանից՝ այս երկու կայքերն իրար նման են և՛ արտաքնապես, և՛ բովանդակությամբ։ Երկու կայքերն էլ ունեն նույն բաժինները՝ «Լուրեր», «Հետաքրքիր», «Մարդիկ և բլոգեր», «Թեստեր» և «Ժամանց»։
Freenews.am լրատվական կայքը այս երկու կայքերից վերահրապարակումներ արել է 87 անգամ, որից 58-ը armenianews.net կայքից, 29-ը՝ medianews.site կայքից։ Այս նյութերը մեծամասամբ հիմնավոր չեն, աղբյուրները հավաստի չեն և քարոզչական բնույթի են՝ հօգուտ գործող կառավարության։
Օրինակ՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածի վերնագիրը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե սա ուղիղ մեջբերում է Հայկ Մարությանի խոսքից, սակայն նյութը կարդալիս պարզ է դառնում, որ այդ մասին ասել են Medianews-ի «հավաստի» աղբյուրները, այսինքն՝ ներկայացվածը ոչ թե փաստ է, այլ անապացուցելի պնդում։
Մեկ այլ՝ «Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի» վերտառությամբ հոդվածում ևս բոլոր պնդումները Medianews-ի աղբյուրներինն են։ Սակայն այս դեպքում պատկերն ավելի է ամբողջանում, քանի որ «Freenews»-ը հղում է կատարել «Armenianews»-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է «Medianews»-ին։ Օրինակ՝ վերոնշյալ հոդվածում ասվում է․ «Փարսյանի (Կապանի քաղաքապետը,-հեղ․) հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը: Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խոր շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կապանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները»:
Armenianews.net կայքը «Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի ցինիկ ժպիտով երթը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, ընդհանուր առմամբ, բովանդակություն չկար՝ բացի լուսանկարներից, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը ժպտում են։ Նշված հրապարակումը տարածել են medianews.site-ն ու freenews.am-ը։
Տպավորություն է ստեղծվում, որ այս կայքերը հստակ քարոզչական արշավ են իրականացնում այն մարդկանց դեմ, որոնց հետ իշխանության ներկայացուցիչներն ունեն տարաձայնություններ։
Ո՞ւմ են պատկանում armenianews.net և medianews.site կայքերը
Համաձայն դոմեններն ստուգող who.is հարթակի՝ armenianews.net կայքն ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 12-ին։ Այն գրանցված է Դավթաշեն 2-րդ թաղամասի 18/5 հասցեում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով (նշված հասցեում գրանցված է նաև Չախոյանը)։
Who.is համակարգում medianews.info կայքի տվյալները թաքցված են, սակայն հնարավոր եղավ պարզել, որ այս կայքը ևս կապ ունի armenianews.net կայքի հետ։ Ուսումնասիրելով armenianews.am կայքի «դիտել էջի աղբյուր» բաժինը՝ հնարավոր է գտնել երկու կայքերի կապը։ Այսպես, եթե նույն անձը երկու կայքերը կառավարում է Google Analytics-ի իր հաշվից, ապա կայքերի «դիտել էջի աղբյուր» բաժնում Google Analytics-ի կոդը լինում է նույնը՝ բացառությամբ վերջին թվի։ Այս երկու կայքերի դեպքում Google Analytics-ի կոդերը UA-112931850-1 և UA-112931850-2-ն են, որտեղ UA-ը Google Analytics-ի ընդհանուր դասիչն է, իսկ թվերը (112931850)՝ անձնական հաշվի համարը։ Սրան հաջորդող -1 և -2 թվերը նույն հաշվին կցված երկու կայքերն են։ Այսինքն՝ armenianews.net և medianews.info կայքերը ղեկավարում է նույն անձը։
Ո՞ւմ է պատկանում freeNews.am լրատվական կայքը
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հունիսի 15-ին։ Ընկերության 100% բաժնետերը եղել է Հասմիկ Դանիելյանը։ 2021 թվականի մայիսի 11-ից «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 51%-ը անցել է Արմեն Ղալեչյանին։ Վերջինս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ «Ֆրի Նյուզ»-ի տնօրենը, ըստ ռեգիստրի, Մարիամ Մարգարյանն է, որը նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Վերջինս Ալեն Սիմոնյանի կինն է։ Մարգարյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Հասմիկ Դանիելյանի հետ։
Հասմիկ Դանիելյանը, բացի «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից, 2021 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որը «Ֆրի Նյուզ» ընկերության հետ գրանցված է նույն հասցեում։
Infocom-ը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյոք armenianews.net և medianews.site կայքերը կապ ունե՞ն նրա հետ, թե՞ ոչ, սակայն Չախոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։
Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված armenianews.net և medianews.site կայքերը հրապարակում են մի շարք խնդրահարույց բովանդակությամբ նյութեր, որոնք էլ վերահրապարակում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարությամբ գործող freenews.am լրատվական կայքը։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)