Շիրակի մարզում անցնող տարվա ընթացքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք
17:52 - 28 դեկտեմբերի, 2021

Շիրակի մարզում անցնող տարվա ընթացքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2021թ. ընթացքում անչափահասների մասնակցությամբ հանցավոր իրավախախտումների քրեական շարժընթացը, արձանագրված դեպքերը ծնող պատճառներն ու նպաստող պայմանները:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2021թ-ին մարզի տարածքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք՝ հիմնականում կապված ծեծի, գողությունների հետ:

Նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 2-ով, իսկ մասնակիցների թիվը՝ 7-ով:

Բացի յուրաքանչյուր դեպքով հետաքննության և նախաքննության նկատմամբ հետևողական դատախազական հսկողության իրականացումը, մարզի դատախազության կողմից մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելուն: Այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից այցելություններ են կատարվել մարզի Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ, որտեղ հանդիպում-զրույցներ են տարվել ինչպես ուսուցչական կոլեկտիվների, այնպես էլ բարձր դասարանի աշակերտների հետ:

Ընդ որում, այդ հանդիպումներին մասնակցել են ոլորտային մասնագիտացած ՀԿ ներկայացուցիչներ, այլ դպրոցների և ուսումնարանների տնօրեններ, փաստաբաններ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժինների՝  անչափահասների և ընտանիքում բռնությունների կանխարգելման բաժանմունքների ծառայողներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության  մասնագետներ  և այլոք։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են մարզում անչափահասների կողմից առավել հաճախ կատարվող հակաիրավական արարքները, դրանց պատճառահետևանքային կապերի վերաբերյալ վերլուծության արդյունքները։

Դատախազների կողմից  նախանշվել են իրավախախտումների կանխարգելման ուղիները, մեթոդները, ընդգծվել են ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ, դպրոց-ծնող ամուր կապի կարևորությունը, հանցավոր վարքագծի հակումներ ունեցող անչափահասների նկատմամբ առավել ընդգծված հսկողության իրականացումը, չափահաս և անչափահաս քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը։

Դատախազները պատասխանել են  ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին: Տեղում անցկացվել է գործնական խորհրդատվություն, ինչը դրական է ընդունվել մասնակից կառույցների ներկայացուցիչների կողմից։

Բոլոր մասնակիցները ողջունել են Շիրակի մարզի դատախազության կողմից այս ոլորտի հանդեպ ծրագրային մոտեցում ցուցաբերելու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով  ամրապնդել համագործակցությունը դրա շրջանակում։

Նշվում է, որ անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նկատառումներից ելնելով՝ 2021 Շիրակի մարզի դատախազի կողմից 2 միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ Շիրակի մարզպետին, որով վերլուծվել  է անչափահասների շրջանում հանցավորության նախականխման հանգամանքները, ինչպես նաև առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրենց պարտականությունների  նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, պետական և տեղական կառավարման մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Նույն նպատակով 5 միջնորդագրեր են  ուղարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ վեր հանելով անչափահասների հանցավորության դեմ տարվող պայքարում Ոստիկանության պրոֆիլակտիկ աշխատանքներում նախականխման միջոցառումների լիակատար անցկացման խնդիրները։ Միջնորդագիր է հասցեագրվել նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարին՝ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանցագործության կոնկրետ դեպքի ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Միջնորդագրերով առաջ են քաշվել նաև կոնկրետ դեպքերով իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար կամ իրավասու անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտությունը, ինչի շրջանակներում 5 անձ անձ ենթարկվել է կարգապահական տույժերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել