ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ
10:12 - 21 հունվարի, 2022

ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

Անցած տարվա փետրվարի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի առաջին գեոպարկի հիմնումը։ Infocom-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նշյալ գեոպարկի հիմնումը։ 

Ըստ նախարարության տրամադրած պատասխանի՝ 2020-21 թվականների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից պետական ֆինանսավորմամբ կատարվել են ապագա գեոպարկի սահմանների ճշգրտման և գեոսայթերի առանձնացման աշխատանքներ․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի ցանկին միանալու համար ՀՀ տարածքում գեոպարկերի ստեղծման պոտենցիալները և հնարավորությունները քննարկելու համար նախաձեռնել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետներ։ Խորհրդատվության և փորձի փոխանակման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերից պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագետներ ներգրավելու համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը գտնվում է մասնակից կառույցներից համապատասխան թեկնածուների ներկայացման փուլում»։

Անդրադառնալով գեոպարկի ստեղծման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո։

Գեոպարկի ստեղծման ընթացքի և մանրամասների վերաբերյալ Infocom-ը ավելի վաղ զրուցել էր  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ։ 

 

Գլխավոր լուսանկարում՝  ստեղծվելիք գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել