Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|
13:15 - 18 հունվարի, 2022

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեսթերի վերաբերյալ որոշման մեջ որևէ հիշատակում չկա բարերարի, բարեկամի, հարևանի հաշվին թեստ հանձնելու մասին, այլ կա հիշատակում պետության մասին։

Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ բառացիորեն գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եվ այդ միտքը ասում է, որը բոլորս գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող են լինել։ Եվ այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, չեն ցանկանում ընկալել, դրա հետևանքները իրենք կրելու են այս կամ այլ ձևով, որովհետև մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին ևս հետևանքներ պետք է առաջացնի»,- նշեց Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը այդ հարցի լուծումը տվողը չէ, որովհետև ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիր իշխանության, բայց ՍԴ-ն կարող է հուշում և ուղենիշ տալ գործադիրին, և դա ՍԴ-ն արել է։

«Ինչո՞ւ է ՍԴ-ն վերլուծել, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, ՊՇՌ թեստերի գները բարձր են։ Այդ ինչո՞ւ է արվում։ Առողջապահության նախարարի կամ այս իշխանությունների ընկալմամբ դա արվում է նրա համար, որ մարդիկ բարերարներ, հարևաններ կամ բարեկամներ գտնեն»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ ամենազորեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լինեն։ Վարդևանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ դնել այս հարցը Կառավարության առջև։

«Եթե իշխանությունը լինում է իրավունքի կողքը կանգնած, իրավունքը հարգող, սահմանադրությունը հարգող, նման իրավիճակներ չեն առաջանում։ ՍԴ որոշումից հետո իշխանությունն անմիջապես ներողություն է խնդրում, ի դեպ, սա շատ մարդկային եմ ասում, դրանից հետո ասում է, որ նախորդ կատարված բոլոր ծախսերի մասով իրենց վրա փոխհատուցման բեռը չլինի, բայց նոր ծախսերը կսկսեն փոխհատուցել։ Այստեղ առաջանում է սոցիալական համերաշխություն»,- ասաց Վարդևանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել