Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սահմանազատման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները վերաբերում են սահմանին բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մեկնարկի․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի արձագանքին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքվից դեռևս գրավոր արձագանք չեն ստանցել․ «Մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք գրավոր արձագանք»,-ասաց նա։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին հայտարարել էր, որ հայկական կողմը սահմանազատման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ՝ ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց, որ այդ առաջարկները միտված են սահմանագոտում լարվածության նվազմանը։ Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ իրենց համար «անընդունելի են Երևանի նախապայմանները»։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բայրամովին՝ նշելով, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի։
comment.count (0)