Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
23:04 - 24 հունվարի, 2022

Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո աջակցության մեր գրավոր և բանավոր դիմումները մերժած ՀԱՊԿ-ն աշխատեցրեց իր մեխանիզմները Ղազախստանում: Հարցին, թե արդյոք Հայաստանը չէ՞ր կարող չմասնակցել այդ գործընթացին՝ մատնանշելով, որ խաթարված է մեր երկրի անվտանգությունը և, ղազախական նախադեպից ելնելով, ՀՀ որևէ իշխանություն կարո՞ղ է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին, այսօր հրավիրված ասուլիսին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Երկու տարբեր հարցեր են: Նախ՝ մենք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր գործիքակազմը: Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի էին ենթարկվել Կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ էր տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, ՀՀ-ում իշխանության, Կառավարության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, և ուժային ոչ մի գործողություն չի ձեռնարկվել: Մենք ցույց ենք տվել ներքաղաքական, ներքին խնդիրներ լուծելու մեր գործիքակազմը: 

Ասում են՝ 2018 թվականին ինչո՞ւ ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց. որովհետև 2018-ին բռնության ոչ մի դեպք չի եղել: Իսկ երբ մենք որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, այնտեղ փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր: Առաջին օրից ՀԱՊԿ-ում իմ գործունեությունն ուղղված է եղել նրան, որ մենք պետք է ճգնաժամային արձագանքման մեխանիզմները կատարելագործենք, և տարօրինակ կլիներ, որ առաջին անգամ նման իրավիճակում Հայաստանն ասեր՝ ես դեմ եմ:

Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ-ը լինի արդյունավետ և իրականում գործող համակարգ, և սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել