ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները |hetq.am|
09:40 - 01 փետրվարի, 2022

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները: ԲԴԽ-ում դատախազի այս երկու միջնորդությունների քննությունը սկսվել էր երեկ՝ հունվարի 31-ին, ժամը 17:00-ին: Խորհուրդը նույն օրը որոշել է բավարարել քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունն, ապա սկսել է երկրորդ միջնորդության քննությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակվել է կեսգիշերին:

Նշենք, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Մինչև այս պահը հանրության հայտնի չէ, թե դատավորի նկատմամբ այս գործընթացն ի՞նչ գործի շրջանակներում է սկսվել: Երեկվանից, սակայն, իրավական, հատկապես՝ փաստաբանական համայնքը, վստահություն է հայտնում, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը:

Դատավորի նկատմամբ սկսված գործընթացի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Դատավորների միությունը: Հենց այս կառույցի հայտարարության միջոցով հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելությունից, այդ թվում՝ ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացել ԲԴԽ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել