Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան
12:49 - 15 փետրվարի, 2022

Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջերս մեզ պարբերաբար հարցնում են, թե մենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք:
Այս առումով մի քանի միտք եմ ուզում հայտնել։
 
Նախ, հունիսի 20-ի ընտրությանը քաղաքացիներին առաջարկվել են հստակ այլընտրանքներ, սակայն ժողովուրդը, շատ լավ ծանոթ լինելով բոլոր ուժերին և նրանց օրակարգերին, ընտրել է խորհրդարանը, որն ունենք այսօր։ Այդպիսով, իշխանությանը հակակշռելու ինստիտուցիոնալ լիազորությունները, այդ ընտրության արդյունքներով և ժողովրդի կամքով, այսօր կրում են այլ ուժեր:
 
Մինչ 2021թ. օգոստոսը «Լուսավոր Հայաստան»-ը եղել է խորհրդարանական ընդդիմություն, ինչը մեզ համար նշանակում էր լինել կոնվենցիոնալ ընդդիմություն. եղած սահմանադրական և իրավաքաղաքական լծակներով հակակշռել և փոխզսպել խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, մասնակցել պետականաշինության գործին:
 
Բազմաթիվ հարցերում, այո, այժմ էլ ունենք տարբերվող մոտեցումներ և ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու նպատակ կամ իմաստ անգամ չենք տեսնում։ Եվ ընդհանրապես՝ «ընդդիմադիր» կամ «իշխանական» որակումները մեզ համար երբեք նշանակություն չեն ունեցել։ Մեր քաղաքական գործունեությունը հիմնված է գաղափարների, այլ ոչ թե զուտ ինչ-որ մեկի գողացած փողը պաշտպանելու գործունեության վրա:
 
Այդ հարցով մեզ որևէ մեկը չի կարող հետ պահել ճշմարտությունն ասելուց։ Անկախ իրավիճակից մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Խորհրդարանական մեր գործունեությունն իրականացվել է հետևյալ կերպ՝ ինչին եղել ենք դեմ, բացատրել ենք, թե ինչու ենք դեմ, հարկ եղած դեպքում՝ ներկայացրել առաջարկներ, ինչին կողմ ենք եղել, հայտարարել ենք, որ կողմ ենք ու բացատրել, թե ինչու։ Հիմա, ըստ սրա, ընդդիմությու՞ն էինք, թե՞ ոչ. խորհրդարանական ընդդիմություն էինք՝ թե՛ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի, թե՛ քաղաքական իմաստներով։
 
Իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցն անկախության տարիներից ի վեր մեր արտաքին քաղաքական օրակարգում է և դեռևս լուծում չի ստացել, և շատ կարևոր է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:
 
Կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին…
 
Այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն, կողմ ենք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։
Իսկ պե՞տք է արդյոք լռենք, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ գրպանել է բյուջեի միջոցները, ինչ է թե նա այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում, կամ որ իր գողոնն ուզում է պահել ու փորձում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության սահմանադրականությունը վիճարկել, կամ երբ այլ մեկը փորձ է կատարում ապօրինի ազդեցություն գործել դատարանների վրա։
 
Լռե՞նք այդ ամենի մասին նրա համար, որ ինչ-որ անձինք այդ գրպանված գումարներով պահվող զանգվածային «լրատվության» միջոցներով մեզ հռչակեն ընդդիմությո՞ւն. ասեմ` այդպես չի լինելու։
 
Ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում։
 
Պիտակավորումներն ու որակումներն ամեն մեկը կարող է իրեն պահել։ Մենք աշխատում ենք մեր երկրի համար, անում այն, ինչին հավատում ենք և ձգտում մեր բանակի հզորացմանը, երկարատև խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը:
 
Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել