«Լավ եմ ճանաչում Լուկաշենկոյին։ Կարելի է իրեն ընդունել-չընդունել, հարգել-չհարգել, բայց ինքն ասում է այն, ինչ մտածում է։ Ինձ համար մի քիչ անհասկանալի էր այն բուռն արձագանքը, որ Հայաստանում եղավ իշխանական թիմի կողմից, որովհետեւ այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չէ ուղղակի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիեւը Հայաստանի մասին՝ զրո արձագանքով Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ են ակտիվացել Լուկաշնեկոյի պարագայում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։ Քոչարյանը նշելով, որ Լուկաշենկոն, Իհարկե չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահեր, ասաց․ «Ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են։ Բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ։ Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ այդ մտածելակերպն արմատավորվի, կամ չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարները մեր մասին այլ կերպ մտածեն»։
Ինչ վերաբերում է միութեանական պետությանը՝ Քոչարյանն ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։
Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։
comment.count (0)