Չեռնոգորիայի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հանրապետության կապիտալ ներդրումների նախարարության առաջարկով որոշում է ընդունել ռուսական ինքնաթիռների համար փակել օդային տարածքը։ Այս մասին հաղորդել է Չեռնոգորիայի ազգային հեռուստաընկերությունը։
Այս որոշմամբ Չեռնոգորիան միացել է ԵՄ երկրներին, որոնք փետրվարի 27-ից փակել են իրենց օդային տարածքը ՌԴ-ի համար՝ ի պատասխան Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի։
2020թ․ մարտին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարել էին Չեռնոգորիայի եւ ՌԴ-ի միջեւ ուղիղ չվերթները, ինչն ուղեկցվել էր սկանդալով։ Ինչպես 2020-ին հաղորդել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, չեռնոգորական կողմը ռուսաստանցիներին երկրից դուրս չէր թողնում՝ նրանց հայրենիք վերադառնալը կապելով ռուսական ինքնաթիռներով չեռնոգորցիներին Մոսկվայից Պոդգորիցա անվճար տեղափոխման հետ։
Դրանից հետո Չեռնոգորիան բազմիցս խնդրել է Մոսկվային վերականգնել ավիահաղորդակցությունը, սակայն Պոդգորիցայում ՌԴ դեսպան Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել էր, որ «Չեռնոգորիան դեռեւս չի համապատասխանում ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման չափանիշներին»։
Ավելի վաղ Չեռնոգորիայի արտգործնախարարությունը ռուս դիվանագետին հայտարարել էր «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ,-խմբ․)․ նա պետք է լքեր երկիրը 72 ժամում։
Մարտի 1-ին Չեռնոգորիայի իշխանությունները միացել են ՌԴ-ի դեմ ԵՄ-ի բոլոր պատժամիջոցներին։ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է Ուկրաինային աջակցության մասին։ Միաժամանակ Չեռնոգորիայի տարբեր քաղաքներում հաջակցություն ՌԴ-ի ակցիաներ են իրականացվում։
comment.count (0)