ԵՄ-ն չի կարող պատասխանել հարցին՝ ինչպես է վերահսկվելու այժմ Ուկրաինա տեղափոխվող զենիթահրթիռային համալիրների տեղաշարժը, ինչը հետագայում ռիսկեր կառաջացնի։ Այս մասին հինգշաբթի Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ բանակցությունների հիման վրա հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկացնում է tass.ru-ն։
«Ինչ վերաբերում է արտասահմանից Ուկրաինա զենք մատակարարելուն, մենք տեսնում ենք՝ այժմ որքան վտանգավոր են գործում արեւմտյան մեր գործընկերները, ըստ որում՝ ԵՄ-ն, որը, խախտելով իր բոլոր սկզբունքներն ու արժեքները, փաստացի խրախուսում է մահաբեր զենքերի մատակարարումն Ուկրաինա, այդ թվում՝ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրներ»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ այդպիսի զենքերը կարող են հասնել ուր ասես, եւ որ ահաբեկիչները դրանք օգտագործում են, որպեսզի սպառնալիքներ ստեղծեն քաղաքացիական ավիացիայի համար․
«Որտեղ կհայտնվեն այդ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրները՝ հարց է, որը մենք տալիս ենք ԵՄ-ի մեր գործընկերներին, երբ նրանք հետաքրքրություն են ցուցաբերում՝ ինչպես վերջ դնել այն քաղաքականությանը, որն Ուկրաինայից երկար տարիների ընթացքում սպառնալիքներ է ստեղծել ՌԴ-ի դեմ։ Ինչպե՞ս են զենիթահրթիռային այդ համալիրները վերահսկվելու։ Դրա պատճառով երկար տարիներ վտանգներ ու ռիսկեր են առաջանալու Ուկրաինայի երկնքում քաղաքացիական ավիացիայի համար, դրանք կարող են տարածվել ողջ Եվրոպայով»,- հավելել է Լավրովը։
Լավրովը նաեւ ընդգծել է, բացի սպառազինությունից՝ Ուկրաինա են ուղեւորվում վարձկաններ․ «Նրանք, որոնք զենքով են լցնում Ուկրաինան, իհարկե, պետք է հասկանան, որ իրենց արարքների համար պատասխանատվություն են կրում, ինչպես նաեւ նրանք, որոնք խրախուսում են Ուկրաինա վարձկաններ ուղարկելը»։
comment.count (0)