Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters
13:37 - 11 մարտի, 2022

Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters

Meta Platforms-ը, որի մեջ են մտնում Facebook և Instagram սոցցանցերը, որոշ երկրների օգտատերերին թույլ կտա բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ Սա ընկերության ատելության սերմանման քաղաքականության ժամանակավոր փոփոխությունն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակները։

Ընկերությունը նաև ժամանակավորապես թույլատրում է որոշ գրառումներ, որոնք մահվան կոչեր են պարունակում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին։

«Որպես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման արդյունք մենք ժամանակավորապես թույլատրել ենք քաղաքական արտահայտությունների այն ձևերը, որոնք նորմալ պայմաններում խախտում են մեր կանոնները, օրինակ՝ բռնության կոչերը, «մահ ռուս զավթիչներին» արտահայտությունները։ Մենք նախկինի պես թույլ չենք տա ռուսաստանցի քաղաքացիական անձանց ուղղված բռնության կոչերը»,- ասված է Meta-ի մամուլի ծառայության հայտարարությունում։

Առաջնորդների հասցեին մահվան կոչերը կթույլատրվեն, եթե դրանք այլ նպատակներ չեն հետապնդում և արժանահավատության երկու ցուցանիշ ունեն, օրինակ՝ տեղակայումը կամ մեթոդը, ասված է Reuters-ի տնօրինության տակ հայտնված նամակներից մեկում։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը, հիմնվելով Reuters-ի հոդվածի վրա, Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Meta-ի «էքստրեմիստական գործունեությունը»։

«Facebook-ի և Instragram-ի օգտատերերն այս հարթակների սեփականատերերին իրավունք չեն տվել որոշելու ճշմարտության չափորոշիչները կամ ժողովուրդներին միմյանց դեմ դուրս բերել»,- ասված է դեսպանական թվիթերյան գրառման մեջ։

Ռուս զինվորականների դեմ բռնության կոչերին ուղղված քաղաքականության ժամանակավոր փոփոխություններն, ըստ այդ նամակներից մեկի, տարածվում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի և Ուկրաինայի օգտատերերի վրա։

Մոդերատորներին ուղարկված էլեկտրոնային նամակում Meta-ն ընդգծել է, որ ատելության սերմանման քաղաքականության փոփոխությունները վերաբերում են ռուս զինվորականներին և ներխուժման հետ կապ ունեցող ռուսաստանցիներին։

«Մենք նախաձեռնել ենք փոփոխություն, որը թույլատրում է Т1 տեսակի բռնության կոչեր, որոնք այլ դեպքերում կհեռացվեին՝ ատելության սերմանման քաղաքականության համաձայն, եթե դրանք ուղղված են ռուս զինվորականներին (բացառություն են ռազմագերիները) կամ ռուսաստանցիներին, երբ հասկանալի է, որ համատեքստը վերաբերում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը (օրինակ՝ եթե բովանդակությունում նշվում է ներխուժումն, ինքնապաշտպանությունը և այլն)»,- ասված է նամակում։

«Մենք սա անում ենք, քանի որ նկատել ենք, որ տվյալ համատեքստում «ռուս զինվորներ» արտահայտությունն օգտագործվում է «ռուս զինվորականներ» արտահայտության փոխարեն։ Ատելության խոսքի քաղաքականությունը նախկինի պես արգելում է գրոհները ռուսաստանցիների դեմ»,- ասված է նամակում։

Էլեկտրոնային նամակները նաև նշում են, որ Meta-ն թույլ է տալիս գովել ուկրաինական ուլտրաաջ «Ազով» գումարտակը, ինչը սովորաբար արգելված է։

Meta-ի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը «բացառություն է անում «Ազով» գումարտակի գովաբանման համար», բայց միայն Ուկրաինայի պաշտպանության համատեքստում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել