Ուկրաինայի չեզոքության շվեդական կամ ավստրիական տարբերակը հնարավոր փոխզիջում է․ Պեսկով
15:53 - 16 մարտի, 2022

Ուկրաինայի չեզոքության շվեդական կամ ավստրիական տարբերակը հնարավոր փոխզիջում է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայի չեզոքության մասին քննարկումներում դիտարկվում է չեզոք պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը։ Նրա խոսքով՝ այս որոշումը կարող է դիտարկվել՝ որպես փոխզիջում, հայտնում է «Կոմերսանտը»։

Չեզոք պետության ավստրիական և շվեդական տարբերակը ենթադրում է հրաժարում արտասահմանյան պետությունների բազաների տեղակայումից և դաշինքների չանդամակցելու կարգավիճակ, սակայն երկրներին թույլ է տալիս սեփական զինված ուժերն ունենալ։

«Ավստրիական կամ շվեդական տարբերակով Ուկրաինայի դեմիլիտարացումը քննարկվում է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում և կարող է դիտարկվել՝ որպես փոխզիջում»,— ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա։ Այդ թվում՝ «Կիևն առաջարկել է երկրի դեմիլիտարացում շվեդական կամ ավստրիական տարբերակով»։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երեք փուլն անցկացվել է Բելառուսում փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին։ Այնուհետև քննարկումներն անցկացվել են առցանց։ Երեկ՝ մարտի 15-ին, կայացել է բանակցությունների չորրորդ փուլը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել