Ուկրաինայի ԱԳ նախարարը nv.ua-ին տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Լեհաստանից Ուկրաինա ինքնաթիռների տեղափոխումն ուշանում է, քանի որ ԱՄՆ-ն վախենում է լրացուցիչ էսկալացիայից, ասել է․ «Ես բացարձակ չեմ ընդունում այն փաստարկը, որ ինչ-որ բան պետք չէ անել, քանի որ դա կբերի հետագա էսկալացիայի։ Սրանի՞ց էլ մեծ էսկալացիա: Ես այս փաստարկը լսում եմ մի քանի երկրներից, բայց ես կոշտ պայքարում և մերժում եմ դա»։
Խոսելով հենց ինքնաթիռների մասին՝ Կուլեբան նշել է, որ այս հարցի շուրջ բազմաթիվ դիվանագիտական մանևրներ կան։
«Բայց ես այս պատմությունը կարող եմ մեկնաբանել այսպես. Պուտինը շատ լավ է զգում վախը։ Եվ ոչինչ նրան ավելի չի հրահրում, որքան վախը։ Այսպիսով, շրջադարձային պահը, երբ ՆԱՏՕ-ն հարվածի տակ կհայտնվի, կլինի այն ժամանակ, երբ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի ներսում վախ կտեսնի, ոչ թե այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ մեզ ինքնաթիռներ են տրամադրեն»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Կուլեբայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին։
«Այնպես որ, այդ հենց ինչ-որ զենք, ինքնաթիռ կամ որևէ այլ բան չփոխանցելն է հրահրում Պուտինին»,- ասել է նա։
Լրագրողը Կուլեբային հիշեցրել է արևմտյան լրատվամիջոցների այն պնդումների մասին, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին՝ ռազմական ու տնտեսական օգնության խնդրանքով, և հարցրել, թե արդյո՞ք Ուկրաինան շփումներ ունի Չինաստանի հետ։
«Ես խոսել եմ Չինաստանի նախարարի հետ, դրանից հետո մենք նամակներ ենք փոխանակել։ Շփում կա: Մենք շահագրգռված ենք, որ Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների միջև բանակցություններ լինեն, որպեսզի նրանք ուղղակի բաց քննարկում ունենան այս հարցի շուրջ։ Մեզ հետ համակարգելով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ևս Չինաստանի հետ հշփումներ ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հարցով»,- ասել է Կուլեբան։
Պատասխանելով հարցին՝ Ուկրաինան պատկերացում ունի՞ այն մասին, թե արդյո՞ք Չինաստանը պատրաստ է օգնելու Ուկրաինային, Կուլեբան նշել է․ «Եթե խոսենք դինվանագիտորեն, Չինաստանը հստակ և ուղղակիորեն կողմ է արտահայտվում դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելուն»։
Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն էր անվանել պնդումները, համաձայն որոնց՝ Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողության» համար։
comment.count (0)