Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության հարցերը առաջին իսկ հանդիպման ժամանակ, սակայն կասկածում է, որ նման երկխոսությունը կարող է արդյունավետ լինել։ Այս մասին հայտնում է «Ukrinform»-ը։
«Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ես պատրաստ եմ բարձրաձայնել օկուպացված տարածքների վերաբերյալ հարցերը: Դրանք մեզ համար արդիական են և շատ կարևոր: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այդ որոշումը կկայացվի ոչ այս հանդիպմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ առանց Պուտինի հետ անձնական հանդիպման անհնար կլինի հասկանալ, թե ինչ է պատրաստ անել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև ինչի է պատրաստ ՌԴ-ն, եթե Ուկրաինան չգնա փոխզիջումների։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում փոխզիջումների ձևաչափերը կորոշվեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ։ Մասնավորապես, քվեարկության կարող են դրվել անվտանգության երաշխիքները, ինչպես նաև «Դոնեցկի ու Լուգանսկի ժամանակավոր օկուպացված շրջանների և Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը»։
Պատասխանելով Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին հարցին՝ Զելենսկին նշել է․ «Մենք չենք կարող կորցնել մեր ինքնիշխանությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել։ [...] Օրինակ՝ մենք ազդակներ տեսանք, Ռուսաստանն ասաց՝ ահա թե որտեղ ենք մենք հասել արևելքում, հարավում․ եկեք կանգնենք այստեղ, և դրանք կլինեն մեր տարածքները։ Դա մեզ համար կորուստ է։ Դա մարդկանց կորուստ է։ Եվ դա մեր ինքնիշխանության կորուստ է»։
Միաժամանակ նա նշել է, որ որոշ փոխզիջումների մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է բոլոր տեսանկյուններից հասկանալ իրավիճակը։
comment.count (0)