Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան
09:50 - 23 մարտի, 2022

Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։

Երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Սալիվանին հիշեցրել է Չինացի գործընկերոջ հետ հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների զրույցի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ հանդիպումներից հետո ԱՄՆ-ն որևէ նախանշան տեսել է Չինաստանի՝ ՌԴ-ին աջակցել/չաջակցելու մասով։

Սալիվանը պատասխանել է, որ ինքը չի կարող ապագայի կանխատեսումներ անել․ «Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ հանդիպումներից կամ Սի Ծինփինի հետ նախագահի զրույցից ի վեր՝ մենք չենք տեսել, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական տեխնիկա տրամադրի։ Բայց, իհարկե, սա մի բան է, որին մենք ուշադիր հետևում ենք և կշարունակենք հետևել։ Եվ Բայդենը նախագահ Սիին պարզաբանել է նման տեխնիկայի տրամադրման հետևանքները, նրանք շատ լավ հասկանում են միմյանց»:

Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք ՆԱՏՕ գագաթնաժողովի օրակարգում ընգրկվելու է Չինաստանի հարցը, և փորձ արվելո՞ւ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, եթե Չինաստանը ՌԴ-ին օգնություն տրամադրի, Սալիվանը նշել է, որ Բայդենը Բրյուսելում գտնվելու ընթացքում այդ թեմայի շուրջ կխորհրդակցի ինչպես ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ ԵՄ առաջնորդների․ «Սա հնարավորություն կտա, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի մեր գործընկերները սերտորեն համակարգեն մեր ուղերձը: Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերների հետ նույն կողմում ենք և այս հարցում միաձայն ենք արտահայտվելու»։

Ջեյք Սալիվանը մարտի 14-ին հանդիպել էր Չինաստանի իր գործընկերոջը և քննարկել Ուրաինայում պատերազմի համատեքստում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։

Իսկ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ երկու ժամ տևողությամբ զրույց էր ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ վերջինիս ներկայացնելով «Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու հետևանքները ոչ միայն Միացյալ Նահանգների հետ Չինաստանի հարաբերությունների, այլև ողջ աշխարհի համար»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայանալու է ՆԱՏՕ արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել