Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ գագաթնաժողովում ելույթի ընթացքում դաշինքին կրկին խնդրել է զենք տրամադրել ՌԴ-ից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։
Զելենսկին հիշեցրել է Դաշինքի առաջնորդներին, որ Ռուսաստանը տեխնիկայի պաշարներով գերազանցում է Ուկրաինային․ «Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային սպառազինություն, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը... Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար: Որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք հազարավոր մարտական ինքնաթիռներ ունեք: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց»։
«Մենք դիմել ենք տանկերի համար։ Որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները, որտեղ Ռուսաստանը պատանդ է պահում հարյուր հազարավոր մարդկանց, արհեստականորեն սով է ստեղծում, տառացիորեն մոխրացնում է բնակելի տարածքները։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը․ տալ կամ վաճառել: Բայց մենք հստակ պատասխան չենք ստացել»,- նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ից խնդրում է տրամադրել Դաշինքի ինքնաթիռների մեկ տոկոսը, ինչպես նաև մի քանի հրթիռային կայաններ, հականավային միջոցներ, ՀՕՊ համակարգեր։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինան երախտապարտ է բոլոր դաշնակիցներին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության համար, սակայն «դա բավարար չէ ռուսական հարձակումն արդյունավետ դադարեցնելու համար»։
Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բայդենը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։
Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ։
comment.count (0)