Ռուսական տուրօպերատորներն արտասահմանյան բանկերում քարտեր թողարկելու ուղևորություններ են առաջարկում․ պլաններում Հայաստանն էլ կա
18:04 - 24 մարտի, 2022

Ռուսական տուրօպերատորներն արտասահմանյան բանկերում քարտեր թողարկելու ուղևորություններ են առաջարկում․ պլաններում Հայաստանն էլ կա

Ռուսական զբոսաշրջային ընկերությունները սկսել են այցեր առաջարկել արտասահման այն անձանց համար, ովքեր ուզում են այնտեղի բանկերում միջազգային վճարային համակարգերի քարտեր ձևակերպել, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի հայտարարությունը։

Visa-ն և MasterCard-ն արտասահմանում այլևս չեն սպասարկում ռուսական քարտերն ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

Ասոցիացիան գրում է, որ նրանց համար, ովքեր ուզում են ճամփորդել և աշխատանքի բերումով այլ երկրներ այցելել, «խելամիտ այլընտրանք է» այլ երկրներ մեկնելն ու այնտեղ Visa և Mastercard քարտեր ձևակերպելը, որոնք հնարավոր կլինի արտասահմանում օգտագործել։ Այս պահին այդպիսի ճամփորդություններ են առաջարկվում դեպի Ուզբեկստան, մոտ ապագայում պլանավորվում են ուղևորություններ նաև դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Թուրքիա։

Նման ճամփորդության առաջարկի մասին երեկ առաջինը հայտարարել է «ՎԵԴԻ Գրուպ» զբոսաշրջային ընկերությունը։ «VISA-ի համար՝ դեպի Ուզբեկստան» առաջարկը նախատեսում է երեք օր և երկու գիշեր անցկացնել Տաշքենդի հյուրանոցում։ Երկրորդ օրը զբոսաշրջիկները «կարող են առավոտից, իրենց ցանկությամբ, մեկ ժամ ծախսել» Visa կամ Mastercard ձևակերպելու և ստանալու վրա։ Ուղևորությունը մեկ հոգու համար արժե 23 հազար ռուբլի, ավիատոմսն առանձին է հաշվարկվում։

«Ռուսկի էքսպրես» ընկերությունն այդպիսի ուղևորություն է նախապատրաստում դեպի Ուզբեկստան և մի քանի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան։ «Ինտուրիստը» նույնպես քննարկում է այդպիսի ուղևորությունների հնարավորությունը, այն նաև դիտարկում է Թուրքիայի ուղղությունը։

Նշենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո Visa-ն ու MasterCard-ը լքել են ռուսական շուկան։ ՌԴ դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների շրջանակում մի քանի ռուսական բանկեր անջատվել են դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգից։ Երկրում իրենց աշխատանքը դադարեցրել են Apple Pay-ն ու Google Pay-ը, JCB-ն, PayPal-ը, Western Union-ը։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել