Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|
13:42 - 25 մարտի, 2022

Վնասում են երկու երկրների հարաբերություններին. Թորոսյանն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը ցավում է, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում, տարածում են ապատեղեկատվություն, վնասում երկու երկրների հարաբերություններին: Թորոսյանը նման տեսակետ հայտնեց անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառմանը, որն  անդրադարձել է Ադրբեջանի՝Արցախ վերջին ներխուժման փաստին. Գրառումն ավելի ուշ հեռացվել էր Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջից:

Թորոսյանը նախ դա համարեց ոչ թե Գերագույն Ռադայի պաշտոնական հայտարարություն, այլ պարզապես «Թվիթեր»-ի էջի գրառում , թեև դա արվել է պաշտոնական էջում:

«Ցավում եմ դրա համար՝ տարածել են մի անհայտ աղբյուրից եկած ապատեղեկատվություն, թե իբր ռուսական խաղաղապահ զորամիավորման զինվորները տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ես շատ եմ ցավում, որ մեր գործընկերներն Ուկրաինայում կամ այդ «Թվիթեր»-ի էջը վարողներն այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճշմարտություն, որը՝ սուտ»,-ընդգծեց պատգամավորը:

Թորոսյանը նշեց՝ չի ուզենա հավատալ, որ դա դիտավորյալ է արվում: «Նրանք, այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանով վնասում են երկու երկրների հարաբերություններին, ինչը մենք չէինք ուզենա, որ տեղի ունենար, և, կարծում եմ, նրանք էլ դա չեն ուզում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել