Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից
15:11 - 25 մարտի, 2022

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ ՆԱՏՕ գլխավոր գրասենյակում ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը։

Լրագրողներից մեկն ԱՄՆ նախագահին հիշեցրել է վերջինս հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հետախուզական տվյալներ կան այն մասին, որ Պուտինը նման զենքեր է տեղակայում կամ մտադիր է օգտագործել, և արդյո՞ք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն կպատասխանեն ռազմական գործողություններով, եթե նա քիմիական զենք օգտագործի։

Բայդենը հրաժարվել է տրամադրել հետախուզական տվյալներ, իսկ քիմիական զենքի մասով նշել է, որ Դաշինքը նման դեպքում կպատասխանի։

«Մեր պատասխանի բնույթը կախված կլինի նրանից, թե նա ինչպես կօգտագործվի (քիմիական զենքը- խմբ․)»,- ասել է նա։

Անդրադառնալով իր և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի զրույցին՝ Բայդենը նշել է, որ չի սպառնացել Ծինփինին, այլ պարզաբանել է ՌԴ-ին օգնելու հետևանքները։

«Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բայդենը։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն պետք է հեռացվի «Մեծ քսանյակից» (G20), Բայդենը նշել է․ «Այո՛: Դա կախված է G20-ից: Ես այսօր բարձրացրել եմ հարցը, թե արդյո՞ք դա  հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ անել, եթե Ինդոնեզիան և մյուսները համաձայն չեն, ապա մենք, իմ կարծիքով, պետք է խնդրենք, որ Ուկրաինան ևս կարողանա մասնակցել G20 հանդիպումներին որպես դիտորդ»։

ԱՄՆ նախագահը ևս մի անգամ շեշտել է, որ իրենք ուղիղ մասնակցություն չեն ունենա այս պատերազմին։

Գլխավոր լուսանկարը՝ CNN-ից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել