ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում
16:09 - 31 մարտի, 2022

ՎԶԵԲ-ն ուկրաինական պատերազմի պատճառով տնտեսական աճի զգալի կրճատում է կանխատեսում

Պատերազմն Ուկրաինայում լուրջ ազդեցություն կունենա հակամարտության գոտուց դուրս գտնվող տնտեսությունների վրա, ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի թարմացված զեկույցում։

Բանկը կանխատեսում է տնտեսական աճի նվազում մի շարք երկրներում։ Գրեթե 40 երկրների, որտեղ ՎԶԵԲ-ը ծրագրեր է իրականացնում, տնտեսական աճի կանխատեսումը բանկը կրճատել է ավելի քան կրկնակի՝ մինչև 1,7% 2022 թ-ին։ 2021 թ-ի նոյեմբերին հրապարակված վերջին զեկույցում կառույցը կանխատեսում էր այդ տնտեսությունների 4,2% աճ 2022 թ-ին։

Ռուսաստանում կանխատեսվում է 10% տնտեսական անկում 2022 թ-ին և զրոյական աճ 2023-ին։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցերն, ինչպես սպասվում է, կպահպանվեն տեսանելի ապագայում, ինչը 2022 թ-ին ՀՆԱ կտրուկ անկումից հետո ռուսական տնտեսությունում լճացման կբերի 2023 թ-ին։ Սա բացասական ազդեցություն կունենա Արելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում։

Ուկրաինայի ՀՆԱ անկումն ընթացիկ տարում կկազմի 20%։ Իսկ պատերազմի շուտափույթ ավարտի և ենթակառուցվածքների ակտիվ վերականգնման դեպքում հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կկազմի 23%։

Ինչպես նշվում է, «համաշխարհային տնտեսությունը մատակարարումների հետ կապված  ամենամեծ շոկն է ապրում 1970 թ-ից ի վեր», քանի որ «Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են անհամաչափ մեծ քանակությամբ ապրանք՝ էներգակիրներից մինչև մետաղներ, սննդամթերք և պարարտանյութեր»։

Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, կնվազի 11,8%-ով՝ 2022 թ-ի 3,6% աճի փոխարեն։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել