Ռուսաստանն Ուկրաինայում ցեղասպանություն է անում, քանի որ վստահ է, որ Եվրոպան չի կարող դիմադրել․ Զելենսկի
11:18 - 05 ապրիլի, 2022

Ռուսաստանն Ուկրաինայում ցեղասպանություն է անում, քանի որ վստահ է, որ Եվրոպան չի կարող դիմադրել․ Զելենսկի

«Ուկրաինացիների ցեղասպանության բացահայտ կոչերը» և Ուկրաինայի տարածքում «ռուսական զորքերի կողմից դրանց իրականացման փաստերը» հնարավոր են դարձել ՌԴ՝ «ադեկվատությունը կորցրած ղեկավարության» և նրա վստահության շնորհիվ, որ եվրոպացի առաջնորդները չեն կարող դիմադրել։ Liga.net-ի փոխանցմամբ այս մասին ասել է Զելենսկին Ռումինիայի խորհրդարանում տեսակապով ելույթ ունենալիս։

Զելենսկին պատմել է Կիևի մարզի Բուչա քաղաք իր այցելության մասին, որտեղ ուկրաինական տվյալներով տեղի բնակիչների ավելի քան 300 դի է հայտնաբերվել ռուսական զորքերի նահանջից հետո։

Զելենսկին ընդգծել է, որ նույն օրը՝ ապրիլի 3-ին, երբ համաշխարհային լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Բուչայից, ռուսական պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության կայքում հոդված է հրապարակվել՝ «ուկրաինացիների ցեղասպանության հիմնավորմամբ»։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ գործակալությունը չէր կարող հրապարակել մի բան, որը չի համապատասխանում ՌԴ ղեկավարության գաղափարական դիրքորոշմանը։

«Այսինքն՝ ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք․ նրանք նույնիսկ չեն թաքցնում դա։ Նրանք բացահայտ խոսում են Ուկրաինայի տարածք ներխուժելու նպատակների մասին»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ «դաժան ապամարդկային քաղաքականության բացահայտ դրսևորումները» հնարավոր են դարձել երկու պատճառով՝ Ռուսաստանի ղեկավարության «անադեկվատության» և նրա համոզվածության, որ «եվրոպացի առաջնորդները թույլ են»։

«Երկրորդ պատճառը […] Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վստահությունն է, որ եվրոպացի առաջնորդները չեն կարող [իրենց դիմակայել], նրանք թույլ են։ […] Որ եվրոպական ժողովուրդներն ունակ չեն աշխարհամասը միավորող արժեքները պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա Ռումինիայի ժողովրդին կոչ է արել միասին կանգնեցնելու «այդ անադեկվատ մարդկանց»։

«Մենք միասին պետք է կանգնեցնենք նրանց, ովքեր ցեղասպաննություն են ուզում Եվրոպայում»,- ասել է Զելենսկին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել