hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ընդունում է իր մեղքն ու պատասխանատվությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմադիրների` հողեր հանձնելու և դավաճանության մեղադրանքները:
Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ասաց նա:
«Վերջերս հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք ուղղել, պետք է մեղադրեն ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրեն հողեր չհանձնելու մեջ: Հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու բացահայտել, որ մեր բոլոր, կրկնում եմ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` հանրության առջև մեղավոր է նրա համար, որ հստակ ու աներկբա չի ասել, որ հայկական կողմի համար նույնիսկ անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասել են, որ այդ ամենը հայկական կողմի ընդունելուց հետո դեռ պետք է համոզեն ադրբեջանական կողմին այն ընդունել: Փաշինյանը խոստովանում է` այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել ժողովրդին, և դա չանելն է իր իրական մեղքը:
«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Որպեսզի այդ մասին ժողովրդի հետ խոսեի, ինքս ինձ պետք է բացատրեի, որ ճիշտ ճանապարհ է: Երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել հայտնի յոթ շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջ քաշում: Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա` Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, որ Հայաստանը նույնպես տարածքային ամբողջականության խնդիր ունի: Դժվար էր ինքս ինձ համոզել, որ երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ»,- ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց` այս ամենի մասին խոսում է ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար:
«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
Ըստ նրա` հեշտ չէ նման որոշում կայացնելը, սակայն եթե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդը որոշել է, որ ինքը պետք է շարունակի առաջնորդել երկիրը, ուրեմն այդ ամենի պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է:
comment.count (0)