Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների շարքն այդ տարածքի ներսում որոշ խմբավորումների կողմից լարվածությունը սրելու փորձ են, գրում է Reuters-ը։
Մայա Սանդուն այս հայտարարությունն արել է Մոլդովայի Անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստից հետո։
«Ներկա պահին մեր ունեցած տեղեկություններով՝ սրացման փորձերը կապված են Մերձդնեստրի շրջանի ներսի խմբավորումների հետ, որոնք կողմ են պատերազմին և շահագրգռված են շրջանում իրավիճակի ապակայունացմամբ», - ասել է Սանդուն։
Նրա խոսքով Անվտանգության խորհուրդը հորդորում է ավելացնել անվտանգության ուժերի մարտունակությունը, պահակախմբերի թվաքանակն ու ստուգումների քանակը Մոլդովայի և Մերձդնեստրի սահմանին։
«Ապրիլի 26-ի վաղ առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղում, առաջինը՝ 6:40, երկրորդը՝ 7:05», - հայտնել է Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունը։
Պայթյունների հետևանքով տուժածներ չկան, վնասվել են երկու ռադիոալեհավաքներ, որոնք ռուսերենով հաղորդումներ էին հեռարձակում։
Նորա Վանյան
comment.count (0)