Քաղաքապետարանը գումար է հատկացրել կազմակերպությանը, որին մեղադրում էր ուռճացված ծախսերի համար |civilnet.am|
10:26 - 27 ապրիլի, 2022

Քաղաքապետարանը գումար է հատկացրել կազմակերպությանը, որին մեղադրում էր ուռճացված ծախսերի համար |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը ապրիլի 1-ին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ՝ միջոցառման կազմակերպման համար։

Պայմանագրի արժեքը կազմում է 30 մլն դրամ (գրեթե 62 000 դոլար), որի դիմաց կազմակերպությունը պարտավորվել է Երևանում կազմակերպել ապրիլի 30-ին կայանալիք Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառումներ՝ համերգ և ելույթներ։

Հատկանշական է, որ նախորդ տարի՝ 2021-ին, Երևանի քաղաքապետարանը մերժել էր միջոցառման ֆինանսավորումը՝ ուղղակիորեն մեղադրելով կազմակերպությանը ուռճացված ծախսեր ներկայացնելու մեջ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, փորձեց պարզել քաղաքապետարանից, թե ինչու է 30 մլն դրամ տրամադրվել կազմակերպությանը, որին նախորդ տարի ֆինանսավորումը մերժվել էր։

Քաղաքապետարանը կազմակերպությանը մեղադրում էր ուռճացված ծախսերի մեջ

Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային ամենամյա միջոցառումները, համաձայն քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանի, անցկացվում են սկսած 2012-ից՝ համայնքային միջոցների հաշվին։

Այսպես, 2017-ին և 2018-ին ջազի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար յուրաքանչյուր տարի տրամադրվել է 15 մլն դրամ, 2019-ին՝ 14 մլն դրամ։

Բոլոր դեպքերում միջոցառումը կազմակերպել է «Ջազի հայկական ասոցացիա» ՀԿ-ն։

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը Կասկադի համալիրի տարածքում, 2017թ.։ Աղբյուրը՝ yerevan.am։

Միջոցառման անցկացումը 2020-ի ապրիլին մերժվել էր համավարակի հանգամանքով, իսկ 2021-ին՝ հետպատերազմյան վիճակի հետ կապված։ Սակայն 2021-ի ապրիլին համերգի ֆինանսավորման մերժումը քաղաքապետարանը պատճառաբանել էր միջոցառումը կազմակերպող ընկերության կողմից նախահաշվում ներկայացված ուռճացված ծախսերի կասկածի հիմքով։

«Դրա [նախահաշվի – խմբ․] ուսումնասիրության արդյունքում խիստ մեծ ծավալի ուռճացված ծախսերի վերաբերյալ կասկածներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններ քննության»,- այն ժամանակ հայտնել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այսինքն՝ այս տարի քաղաքային իշխանությունը կրկնակի ավելի՝ 30 մլն դրամ է տրամադրում միջոցառման կազմակերպման համար, երբ նախորդ տարի մերժել էր 15 մլն դրամի տրամադրումը՝ դրանք ուռճացված ծախսեր որակելով։

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել