Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|
10:54 - 29 ապրիլի, 2022

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։

Նա այդ բանակցություններից մանրամասներ չի փոխանցել, սակայն, ընդգծել է, որ այս շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի մասնակցությանը տարհանման գործընթացում:

Գործակալությունները հայտնում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում ինչպես Կիևում, այնպես էլ Մոսկվայում տարհանման հնարավորության շուրջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնում է 10 վիրավորի մասին, որոնողական աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել