ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է
21:38 - 05 մայիսի, 2022

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

Մայիսի 3-ին oragir.news կայքում հրապարակվել է «ԵՊՀ-ն նոր ձև է գտել ուսանողներին ցույցերից հեռու պահելու համար․ ռեկտորի ապօրինի «հրամանը»» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը

Հոդվածում նշվում է, որ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին դեկանատներից հաղորդագրություններ են ստացել, որ ռեկտորի որոշման համաձայն՝ նրանց չի թույլատրվում մասնակցել թեզի պաշտպանությանը, քանի որ չեն վճարել ուսման վարձը։ 

«Ուսանողները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ ռեկտորի համապատասխան հրամանը պետք է հրապարակված լինի ԵՊՀ-ի կայքում, այնինչ այդ մասին որևէ գրառում չկա։ Նկատենք նաև, որ դեկանատներից ուսանողներին ուղարկված հաղորդագրության մեջ ևս չի նշվում հիշատակված հրամանի համարը։ Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը նոր ձև է գտել ուսանողությանը բողոքի ակցիաներից հեռու պահելու համար, քանի որ նախորդ օրերին ԵՊՀ-ում դասապրոցեսը խաթարվել է։ Նշենք, որ ԵՊՀ-ում ուսանողները կարող են ուսման վարձը վճարել մաս-մաս, իսկ մագիստրատուրայի ավարտական կուրսում՝ ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը»,- նշվում է հոդվածում։

ԵՊՀ-ից, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են հետևյալը․ «Համաձայն Երևանի պետական համալսարանի և մագիստրանտի միջև 2020թ. կնքված «Առկա ուսուցման ձևով մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ» պայմանագրի 3.2.7 կետի՝ ավարտական կուրսի ուսանողը պարտավոր է ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարն ամբողջությամբ վճարել մինչև մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»: 

Oragir.news-ը նաև պնդում է, թե ուսանողներին ուղարկված նամակում նշված հրամանը պետք է հրապարակված լինի համալսարանի կայքում, բայց «այդ մասին որևէ գրառում չկա»։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի՝ «Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգը սահմանելու մասին» հրամանին, որը հրապարակված է Պետհամալսարանի փաստաթղթերի համար նախատեսված կայքում։

Այս հրամանով սահմանվում է, որ ուսանողները և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում կարող են ուսման վարձը բաժանել 4 մասի՝ ամեն ամիս վճարելով դրա մի մասը։ Սակայն ավարտական կուսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարը վճարել մինչև ավարտական աշխատանքի կամ մաիգիստրոսական թեզի նախապաշտպանությունը։

ԵՊՀ-ին նաև խնդրել էինք հայտնել, թե ուսանողներն ինչ ընթացակարգով են տեղեկանում այն մասին, որ վարձը չվճարած կամ թերի վճարած լինելու դեպքում չեն կարող մասնակցել թեզի պաշտպանությանը։ Պետհամալսարանից մեզ հայտնել են, որ ուսանողներն ուսումնառության վերաբերյալ տեղեկությունները կարող են ստանալ համալսարանի պաշտոնական կայքից, իսկ անհատապես նրանց վերաբերող տեղեկությունը ֆակուլտետների դեկանատներն ուղարկում են համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներին։

Այսպիսով, oragir.news-ի պնդումը, թե ԵՊՀ մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսանողները կարող են ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը, կեղծ է, քանի որ ըստ ռեկտորի հրամանի և ուսանողների հետ կնքված պայմանագրի՝ ուսանողները վարձը պետք է մուծեն մինչև թեզի նախապաշտպանությունը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել