Կանենք ամեն ինչ, որ մի օր «Եվրատեսիլն» անցկացվի ուկրաինական Մարիուպոլում․ Զելենսկի
13:49 - 15 մայիսի, 2022

Կանենք ամեն ինչ, որ մի օր «Եվրատեսիլն» անցկացվի ուկրաինական Մարիուպոլում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ուկրաինական Kalush Orchestra-ին՝ «Եվրատեսիլում» «Ստեֆանիա» երգով հաղթելու համար։ Նա վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մի օր երգի մրցույթը Մարիուպոլ քաղաքում անցկացվի, գրում է Liga.net-ը։

Զելենսկու խոսքով՝ «ուկրաինական քաջությունը զարմացնում է աշխարհն, իսկ երաժշտությունը՝ գրավում Եվրոպան»։

«Հաջորդ տարի Ուկրաինան ընդունելու է «Եվրատեսիլը»։ Իր պատմության մեջ արդեն երրորդ անգամ։ Ես հավատում եմ, որ ոչ վերջին անգամ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մի օր «Եվրատեսիլի» մասնակիցներին և հյուրերին ընդունի ուկրաինական Մարիուպոլը՝ ազատ, խաղաղ, վերակառուցված», - գրել է Զելենսկին։

Նախագահը վստահություն է հայտնել, որ «սարերի հետևում չէ» նաև պատերազմում Ուկրաինայի «հաղթական ակորդը»։

Նշենք, որ մայիսի լույս 15-ի գիշերը Kalush Orchestra խումբը հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Խմբի մենակատար Օլեգ Պսյուկը բեմից կոչ է արել փրկել Մարիուպոլն ու «Ազովստալի» մարտիկներին, դրանից հետո բրաուզերներում կտրուկ աճել են «Azоvstal» բառի որոնումները։

«Եվրատեսիլի» կազմակերպիչները չեն որակազրկել խումբը՝ հայտարարելով, որ այդ կոչը մարդասիրական էր, այլ ոչ թե քաղաքական։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել