factor.am: Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան ճակատը։ Էրդողանի խոսքով՝ միակ բանը, որ Անկարան ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հարգանքն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովման քայլերի նկատմամբ։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով Թուրքիայի շահերն են հաշվի առնվում։
«Թուրքիան այն երկրների թվում է, որոնք գործնականում ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելություններում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անվերապահորեն համաձայն կլինենք ցանկացած նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս կարելի է սպասել Անկարայի կողմից աջակցություն ՆԱՏՕ-ին (Շվեդիայի) անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին հանձնելու»,- ասել է Էրդողանը։
«Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները դեռ բացահայտ շրջում են Շվեդիայում։ Մենք չենք կարող ասել «այո»։ Դրա համար կարիք չկա նեղություն կրել ու գալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ նույնպես Էրդողանը ասել էր, որ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:
comment.count (0)