ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
13:59 - 20 մայիսի, 2022

ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատասխան համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այդ կառույցների համատեղ աշխատանքի մակարդակը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել