Մոսկվան Կիևից սպասում է իր պահանջների ընդունում․ Պեսկով
15:45 - 26 մայիսի, 2022

Մոսկվան Կիևից սպասում է իր պահանջների ընդունում․ Պեսկով

Ուկրաինան պետք է գիտակցի դե ֆակտո իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջումներ անի, գրում է «Կոմերսանտը»։

«Մոսկվան Կիևից սպասում է Մոսկվայի պահանջների ընդունում և դե ֆակտո՝ առկա իրավիճակի գիտակցում», - ասել է Պեսկովը։ Նա, սակայն հավելել է․ «Դա տարածքային զիջումը չէ։ Կիևը պետք է ընդունի դե ֆակտո իրավիճակն ու պարզապես սթափ գնահատի այն»։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կոչ էր արել դադարեցնելու Ուկրաինայում ռուսական զորքերին «ջախջախիչ պարտության մատնելու» փորձերը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է Ուկրաինայի վրա ազդի՝ խաղաղ բանակցությունների վերսկսման համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացասաբար է արձագանքել Քիսինջերի հայտարարությանը՝ նշելով, որ նա կոչ է անում «Ուկրաինայից մի կտոր հանձնել Ռուսաստանին»։ Նա ասել է, որ այդ դիրքորոշումը հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին ստեղծված իրավիճակը։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել