Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին
17:28 - 26 մայիսի, 2022

Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ, հայտնում է Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը լիբանանահայ համայնքին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակն Արցախում։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։

«Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստին, խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է, որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ ԱԺ նախագահը վստահորեն հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։

Ելույթի ավարտին Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։ Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել