Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
17:45 - 30 մայիսի, 2022

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին ժամը 12:30-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել